Հայտնի արաբ դերասանը դատապարտվել է ազատազրկման` իսլամը վիրավորելու համար
Արաբական աշխարհի ամենահայտնի կատակերգակ դերասանը` Ադիլ Իմամը, դատապարտվել է ազատազրկման իսլամին վիրավորանք հասցնելու մեղադրանքով, հաղորդում է Reuters-ը` հղում կատարելով եգիպտական Ahramonline լրատվամիջոցին:
Եգիպտացի դերասան Իմամը բանտում կանցկացնի 3 ամիս, քանի որ դատարանը գտել է, թե նա իր ֆիլմերում և ներկայացումներում վիրավորել է իսլամը:
Իր 40-ամյա կարիերայի ընթացքում Իմամը հաճախակի է ծաղրուծանակի թիրախ դարձրել ամեն տեսակ պաշտոնյաներին և իշխանություններին:
Այժմ նա մեկ ամիս ժամանակ ունի դատարանի վճիռը բողոքարկելու համար: Այդ ընթացքում Իմամն ազատության մեջ կմնա:
Փորձագետները սա կապում են խորհրդարանական ընտրություններում իսլամիստների առաջխաղացման հետ: Իմամի դեմ գործը նախաձեռնել է իսլամիստների հետ սերտ կապեր ունեցող իրավաբան Ասրան Մանսուրը:
Վերջինս հայտնի դերասանին դեռ ամիսներ առաջ մեղադրել էր իսլամը և դրա խորհրդանիշները վիրավորելու համար, ինչպիսիք են` մորուքը և ջիլբաբը` մուսուլման տղամարդու երկար արտահագուստը:
Իմամին դատարանը նաև տուգանել է` 1000 եգիպտական ֆունտով` 170 ԱՄՆ դոլարով:
Եգիպտոսում արտիստների և մտավորականների, ինչպես նաև` որոշ գործարարների դեմ նմանատիպ գործընթացները հաճախակի երևույթ են:









