Իրանի հարցում Վրաստանը կանի այն, ինչ կցանկանա ԱՄՆ-ը
Իրանի դեմ հնարավոր պատերազմի դեպքում Վրաստանը կանի այն, ինչ կցանկանա Միացյալ Նահանգները, այսօր կազմակերպված Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ նման կարծիք հայտնեց ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ Պոլովժիեվայի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը:
«Վրաստանը ԱՄՆ-ին կտա ցանկացած հնարավորություն և դրանից նա ոչինչ չի կորցնի, որովհետև ուղղակի իմաստով պատերազմն իրեն չի անդրադառա: ԱՄՆ-ին կօժանդակի ոչ միայն Վրաստանը, այլ նաև Թուրքիան, քանի որ նրանց հարաբերությունները վերջին շրջանում լավ չեն ընթանում»,- բացատրեց նա:
«Սակայն պետք է նշել, որ քանի դեռ Սիրիայի հարցը լուծված չէ Իրանի վրա հարձակում դժվար թե լինի»,- նշեց Սկակովը` ավելացնենլով, որ Օբաման նման քայլի չի գնա որովհետև առջևում նախագահական ընտրություններ են, իսկ նա այդ քայլով կնվազեցնի վերընտրվելու իր առանց այդ էլ ոչ մեծ շանսերը:
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը ևս չի հավատում, որ ԱՄՆ-ն կարող է պատերազմ սկսել Իրանի դեմ:
«Ես կարծում եմ, որ հնարավոր կլինի խուսափել ռազմական գործողություններից: Նախ այն պատճառով, որ Ռուսաստանը թույլ չի տա պատերազմ սկսվի իր սահմանների շուրջ: Եվ հետո չկան օբյեկտիվ պատճառներ՝ պատերազմ սկսելու համար»,-ասաց Սաֆրաստյանը:









