«Ջոկոնդայի» կրկնօրինակի հեղինակը դա Վինչիի աշակերտն է
Մադրիդի Պրադո թանգարանը հայտնել է, որ հայտնի «Ջոկոնդայի» դիմանկարի կրկնօրինակը ստեղծվել է նույն ժամանակաշրջանում և նույն վայրում:
Այս բացահայտումը կատարել են թանգարանի աշխատակիցները պլանային աշխատանքներ իրականացնելիս, որոնց ժամանակ սև լաքի շերտի տակ հայտնաբերվել է միևնույն տոսկանյան բնապատկերը, ինչը պատկերված է նաև Լուվրում գտնվող օրիգինալ կտավում, գրում է BBC-ն:
Ինֆրակարմիր ճառագայթների միջոցով անցկացվող հետազոտությունը ցույց է տվել, որ կրկնօրինակում կատարված են այն նույն ուղղումները, ինչ օրիգինալում կատարել է մեծագույն նկարիչը, ինչը նշանակում է, որ կրկնօրինակի հեղինակը հանդիսացել է Լեոնարդո դա Վինչիի աշակերտը:
Ավելի վաղ համարվում էր, որ Պրադո թանգարանում պահպանվող «Ջոկոնդան» նկարված է կաղնու փայտի վրա, ինչ էլ բացառում էր դրա` Իտալիայում ստեղծված լինելը: Սակայն այս վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն, ինչպես և Լեոնարդո դա Վինչիի աշխատանքը նկարվել է կաղնուց տախտակի վրա:
Պրադոի աշխատակիցներն ընդգծել են նաև, որ իրենց կողմից արված բացահայտումը հաստատվել է Լուվրի մասնագետների կողմից:
Մարտի վերջին կրկնօրինակը կուղարկվի Փարիզ` Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործական կյանքին նվիրված ցուցահանդեսին:










