Քարեր ու կոշիկներ` Բան Կի Մունի ավտոշարասյան վրա

16:31 • 02.02.12

Պաղեստինցի ցուցարարները քարեր ու կոշիկներ են նետել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին տեղափոխող ավտոշարասյան ուղղությամբ: Ինչպես հաղորդում է France Presse գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել այսօր, երբ շարասյունը մոտենում էր պաղեստինյան տարածքի սահմանին:

Ցուցարարները դժգոհ են, որ այցի ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը իսրայելցիների կողմից գերեվարված անձանց ընտանիքների անդամներին չի հանդիպել:

Բան Կի Մունը երեքշաբթի Մերձավոր Արևելք եռօրյա այցը սկսել էր Ամմանից, որտեղ Հորդանանի միջնորդությամբ հունվարին անցկացվել են պաղեստինա- իսրայելական խորհրդակցություններ` խաղաղ բանակցությունները վերսկսկելու նպատակով:

Նա հանդիպել է նաև իսրայելական ղեկավարության հետ, այնուհետև պետք է տեղի ունենար հանդիպում Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ:

Այսօր` իր այցի վերջին օրը, Բան Կի Մունը այցելում է Գազայի հատված` հումանիտար իրավիճակը գնահատելու համար: