Պաոլո Կոելիոն իր գրքերը տրամադրել է անվճար ներբեռնելու համար
Բրազիլացի հայտնի գրող Պաոլո Կոելիոն իր զորակցությունն է հայտնել ցանցահենության մեջ մեղադրվող The Pirate Bay տորենտային ծառայությանը` վերջինիս անվճար ներբեռնելու համար տրամադրելով իր գրքերից:
«Խնդրեմ, կարող եք իմ գրքերը անվճար ներբեռնել, իսկ եթե ձեզ դուր գան` գնեք թղթե տարբերակը: Սա միջոց է մեդիա արդյունաբերությանը ցույց տալու, որ ժլատությունը փակուղի է», - իր բլոգում գրել է Կոելիոն:
Նա իր ուղերձը ավարտել է հումարային հետևյալ խոսքերով. «Սիրով, պիրատ (ցանցահեն) Կոելիո»:
Ավելի վաղ, «Իմ խոհերը S.O.P.A-ի մասին» վերնագրված գրառման մեջ Կոելիոն իր ընթերցողներին կոչ էր արել հիշել 50-60-ական թվականների ԽՍՀՄ-ը, երբ շատ գրքեր տարածվում էին բացառապես ինքնահրատարակման ֆորմատով: Նրա կարծիքով, շատ հեղինակներ նպատակ ունեն ոչ այնքան իրենց ստեղծագործություններից եկամուտ ստանալ, որքան այլ մարդկանց հետ իրենց մտքերը փոխանակել: Նա չի քննադատում նման կերպով դրամ վաստակողներին, իր խոսքերով` ինքն էլ է դրանով ապրում:
Սակայն, Կոելիոյի կարծիքով, S.O.P.A-ն կարող է համացանցը կազմալուծել, և այդ օրենսդրությունը վտանգավոր է ոչ միայն ԱՄՆ-ի համար, այն ողջ մարդկությանն է սպառնում:
Գրողը պարզ օրինակ է բերում: Որքան հաճախ է մարդ ռադիոյով երգը լսում, այնքան ավելի է ցանկանում դրա սկավառակը գնել, որի վրա բացի այդ երգից կլինեն նաև հեղինակի այլ կատարումներ: Նույնը վերաբերվում է նաև գրականությանը: Ընթերցողը, ում դուր է եկել ստեղծագործության սկիզբը, հաջորդ օրը խանութից կգնի գիրքը, քանի որ լայնածավալ տեքստն էկրանից կարդալն այնքան էլ հարմար չէ:










