Դատախազը Տիգրան Առաքելյանին համեմատել է Նաիրի Հունանյանի հետ
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստի ժամանակ մեղադրողը Տիգրան Առաքելյանին համեմատել է Նաիրի Հունանյանի հետ, այս մասին Tert.am-ին ասաց ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը, ով հետևում է Առաքելյանի դատական նիստերին:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատավոր Գագիկ Պողոսյանը կարգապահական տույժ էր կիրառել Տիգրան Առաքելյանի նկատմամբ՝ նրան հեռացնելով դահլիճից:
«Հերթական ապօրինություններ են կատարվում դատարանում: Այն ժամանակ, երբ դատավորը խոսում էր պաշտպանի հետ, և փորձում բողոքարկել դատարանի անօրինականությունները, խոսակցությանը խառնվեց մեղադրող դատախազն ու նշեց, որ նման սանկցիան (դահլիճից ամբաստանյալին հեռացնելը) պրակտիկայում եղել է. «Հոկտեմբերի 27-ի» գործով դատական նիստերից մեկի ժամանակ այդ սանկցիան կիրառվել ամբաստանյալ Նաիրի Հունանյանի նկատմամբ: Տեսե՜ք թե ինչի հետ են համեմատում»,-մեկնաբանեց Վլադիմիր Կարապետյանը:
Դատավոր Գագիկ Պողոսյանը դիմում է ներկայացրել նաև Փաստաբանների պալատի անդամ Վահե Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:
Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը և ՀԱԿ 6 ակտիվիստների հետ վեճի էր բռնվել ոստիկանության աշխատակիցների հետ: Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի` իշխանության ներկայացուցչին դիմադրելու և 225 հոդվածի` խուլիգանության հատկանիշներով:
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 7 ը:









