Վարդան Բոստանջյանին պատժել-չպատժելը «Բարգավաճ Հայաստանի» ներքին գործն է
Արդյո՞ք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քննարկել է իր կուսակից, ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի երեկվա հայտարարությունները և արդյո՞ք պատրաստվում է նրան պատժել, նկատողություն հայտարարել կամ որևէ այլ քայլ ձեռնարկել այդ ուղղությամբ։ Tert.am–ն այս հարցն ուղղեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանին, ով ի պատասխան նախ կրկնեց իրենց կուսակցության տարբեր ներկայացուցիչների երեկվա հայտարարությունները, թե Բոստանջյանն արտահայտել է իր անձնական կարծիքը, ապա հայտարարեց, թե Բոստանջյանի հայտարարությունների վերաբերյալ նրան նկատողություն հայտնելու կամ չհայտնելու հարցը կուսակցության ներքին գործն է։
Հիշեցնենք, որ ԲՀԿ–ական պատգամավորը երեկվա ասուլիսում, ի պատասխան հարցի, թե արդյո՞ք ԲՀԿ–ն 2013թ. նախագահական ընտրություններում կսատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, հայտարարել էր. «Մենք պարզապես առիթ չունենք չսատարելու Սերժ Սարգսյանին: Ես զերծ եմ մնում իմ ղեկավարի անունից խոսել, բայց մենք ունենք փաստաթուղթ, որը ենթակա չէ փոփոխման»: Նա նաև ավելացրել էր, որ ԲՀԿ–ն հավատարիմ է կոալիցիոն հուշագրին։
Վարդան Բոստանջյանի այս անսպասելի հայտարարությունը մեծ իրարանցում է առաջացրել լրատվամիջոցներում։
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը, ինչպես նաև ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արդեն հայտարարել են, որ Վարդան Բոստանջյանն արտահայտել է ոչ թե կուսակցության, այլ իր անձնական կարծիքը։
Նշենք նաև, որ մեզ չհաջողվեց կապվել հենց Վարդան Բոստանջյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու է նրա հայտարարությունը տարակարծություններ առաջացրել կուսակցությունում:









