Հայաստանում 2011թ. անչափահասների գործած հանցագործություններն աճել են

14:45 • 03.02.12

2011թ. Հայաստանում անչափահասների կատարած հանցագործությունների թիվը 2010թ. համեմատ աճել է, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Ներկայացնելով տարեկան ամփոփոգիրը՝ նա նշեց, որ 2011 թ. արձանագրվել է 453 անչափահասների կողմից գործած 527 հանցագործություն այն դեպքում, երբ 2010թ. գրանցվել էր 452 անչափահաս երեխաների կողմից կատարված 509 հանցագործություն:

Մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը աճել են. 2010-ին 30 դեպք, 2011 թ-ին՝ 54: Ըստ Նելլի Դուրյանի՝ աճել է նաև անչափահաս մարդասպանների թիվը: Եթե 2010թ. նման դեպք չէր արձանագրվել, ապա 2011-ին գրանցվել է 3 դեպք:

Անչափահասների կողմից սեռական բնույթի հանցագործությունների դեպքերը կրճատվել են 6 դեպքով. 2010 թ.-ին գրանցվել էր 60 դեպք, իսկ 2011-ին` 54: 

Ոստիկանության գնդապետը նաև նկատեց, որ այդ ոտնձգությունները չի կարելի ասել, որ միայն իրականացվում են անապահով խավի երեխաների նկատմամբ: «Ուղղակի սեռական բնույթի նման դեպքերին լրատվամիջոցներն ավելի շատ են արձագանքում, դրանք պարտադիր չէ, որ անապահով ընտանիքներից լինեն»,- բացատրեց նա:

Նելլի Դուրյանը սակայն նշեց, որ չնայած հանցագործությունների նման քանակին, անչափահասների գաղութում այս պահին պատիժ են կրում ընդամենը 16 անչափահաս: «Սրանք ծանր հանցագործներ են: Մյուսների պարագայում կիրառվում է համապատասխան հոդված, և նրանց Արդարադատության նախարարության հսկողության ներքո տրվում է այլընտրանքային պատիժ»,- ասաց նա:

Ըստ ամփոփոգրի՝ ավելացել է անչափահաս երեխաների ինքնասպանության փորձերի դեպքերը: Եթե 2010 թ.-ին 41 անչափահաս էր փորձել վերջ դնել իր կյանքին, որոնցից մահվան ելքով է ավարտել 13-ը, ապա անցած տարի նման քայլի է դիմել 45 անչափահաս` մահվան 9 ելքով:

«Ինքնասպանության դեպքերի հիմնական մասը 16-17 տարեական աղջիկ երեխաներն են: Ինքնասպանության փորձ կատարած անչափահասներից ամենափոքրը 1997թ. ծնունդ է եղել»,- ասաց նա:

Նելլի Դուրյանը հավատացրեց, որ անչափահասների գծով իրականացվում է բարեփոխումների ծրագիր: «Ոստիկանության պետի կողմից տրվել է հանձնարարական, լինել դպրոցներում, հանդիպումներ ունենալ երեխաների, ինչպես նաև մանկավարժների հետ և կանխարգելիչ աշխատանքներին ավելի շատ ուշադրություն դարձնել: Նախկինում էլ ենք եղել դպրոցներում, սակայն հիմա ավելի շատ կլինենք»,-հավաստիացրեց նա:

Ոստիկանության գնդապետն ավելացրեց, որ շարունակաբար նվազում է մուրացիկ երեխաների թիվը: Ըստ նրա՝ իրենց հետևողական աշխատանքի շնորհիվ 300-ից ավելի մուրացիկ երեխաների թիվը հասցվել է 16-ի:

Նելլի Դուրյանի խոսքով` անչափահասների կողմից հանցագործությունների հիմնական մասը տեղի են ունենում Երևանում, ապա Գյումրիում և Վանաձորում: