Փետրվարի 12–ին մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

17:30 • 03.02.12

Փետրվարի 12–ին Հայաստանի 9–ը մարզերի մի շարք համայնքներում կանցկացվեն Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Այս ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է հունվարի 25–ին և կավարտվի փետրվարի 10–ին։

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են սպասվում Արագածոտնի մարզի Զարինջա, Կոշ, Հակո, Սարալանջ, Արարատի մարզի Դվին, Մրգագետ, Շահումյան, Արևշատ, Ռանչպար, Գեղարքունիքի մարզի Զոլաքար, Գեղամաբակ, Զովաբեր, Նորաբակ, Լոռու մարզի Չկալով, Բլագոդարնոյե, Արծնի, Սպիտակ, Կոտայքի մարզի Հրազդան, Հատիս, Սևաբերդ, Քանաքեռավան, Շիրակի մարզի Պեմզաշեն, Նահապետավան, Գեղանիստ, Գառնառիճ, Շիրակ, Վահրամաբերդ, Բասեն, Տուֆաշեն, Սյունիքի մարզի Արծվանիկ, Խնձորեսկ, Վարդավանք, Կուրիս, ինչպես նաև Տավուշի մարզի Խաշթառակ համայնքներում։

Սպասվում է, որ փետրվարի 12–ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից ամենաղմկահարույցը Հրազդանի և Սպիտակի ընտրությունները կլինեն։ Սպիտակում, սակայն, իրավիճակը մեղմվեց, քանի որ ՀՀՇ ներկայացուցիչ Անանիկ Նիկողոսյանը հետ վերցրեց իր թեկնածությունը՝ ներկայացնելով ինքնաբացարկի դիմում։ Եվ այժմ Սպիտակի քաղաքապետ դառնալու համար պայքարող միակ թեկնածուն գործող քաղաքապետ, ՀՀԿ–ական Գագիկ Սահակյանն է։

Այլ է իրավիճակը Հրազդանում։ Այստեղ միմյանց դեմ պայքարում են գործող քաղաքապետ, իշխող Հանրապետական կուսակցության աջակցությունը վայելող Արամ Դանիելյանը և ԱԺ նախկին պատգամավոր, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը։

ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման և հատկապես քարոզարշավի այս շրջանում արձանագրված բողոքների մասին Tert.am–ը զրուցեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանի հետ։ Նա նշեց, որ ՏԻՄ ընտրությունների հետ կապված բոլոր դիմում–բողոքները ներկայացվում են ընտրատարածքային ընտրական տեղամասեր։ Այս պահի դրությամբ, ԿՀԸ մամուլի խոսնակի ներկայացմամբ, ընդամենը 3 դիմում–բողոք է ներկայացվել, այն էլ Հրազդանի թիվ 25 ընտրատարածքում, որոնք ներկայացրել է Սասուն Միքայելյանի լիազորված ներկայացուցիչը։

Հարությունյանի խոսքով՝ ներկայացված 3 դիմում–բողոքներից մեկը ընտրատարածքային ընտրատեղամասը քննարկել և ի գիտություն է ընդունել, քանի որ դրանում չի եղել որևէ պահանջ կամ առաջարկ, իսկ մյուս երկու դիմում–բողոքները քննարկվել են ընտրատեղամասի նիստում, ապա դրա մասին ծանուցել դիմումատուներին։ ԿԸՀ մամուլի քարտուղարի խոսքով՝ մոտակա օրերին կհրապարակվեն փետրվարի 12–ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական շրջանում ներկայացված բոլոր դիմում–բողոքները։