Միանգամից 6 օրգանի փոխպատվաստում ԱՄՆ-ում (տեսանյութ)
ԱՄՆ-ի Բոսթոն քաղաքի հիվանդանոցի վիրաբույժները բարդ վիրահատություն են կատարել 9-ամյա Ալանախ Շեվենելին` փոխպատվաստելով միանգամից 6 օրգան` տեղեկացնում է Life News-ը:
Մասնավորապես, նրանք փոխպատվաստել են աղջկա ստամոքսը, լյարդը, փայծաղը, աղիքները, կերակրափողի մի մասը և ենթաստամոքսային գեղձը: 14 ժամ տևած վիրահատությունը համարվել է ամենաբարդը Միացյալ Նահանգների բժշկության պատմության մեջ և աշխարհում առաջինը` փոխպատվաստված օրգանների քանակով:
Աղջկա մոտ առողջական խնդիրներ են առաջ եկել 2008թ.ին` 5 տարեկանում: Բժիշկները ստամոքսի շրջանում չարորակ ուռուցք են հայտնաբերել, ինչը մեծ արագությամբ տարածվել է մարմնում:
«Քիմիական միջամտությունն անիմաստ էր, ստիվպած էինք այլընտրանքի դիմել»,- ասել է երեխայի տատիկը, նշելով, որ բժիշկները բարեհաջող ավարտի շատ քիչ հավանականություն են տվել:
Աղջկա բժիշկ Ալան Քրիկը հավաստիացրել է, որ բժշկական գրականության մեջ կերակրափողի փոխպատվաստումը չլսված բան է, սակայն իրենք կարողացել են հաջողությամբ ավարտել վիրահատությունը:









