Գրատպության 500-ամյակին և Գրքի մայրաքաղաք -2012-ին ընդառաջ. Ազգային գրապալատը անմխիթար վիճակում է (լուսանկարներ)
Հայաստանի ազգային գրապալատում պահվող ավելի քան 1 միլիոն անձեռնմխելի տպագիր նյութերի արխիվային հավաքածուները ոչնչացման վտանգի տակ են: Սա այն դեպքում, երբ Հայաստանն այս տարի նշում է Հայաստանում գրատպության 500-ամյակը, իսկ Երևանն էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել էր գրքի մայրաքաղաք:
Ձյան հալոցքի կամ անձրևների ժամանակ գրապալատի ամեն անկյունում դույլեր են շարվում: Դրանք տանիքի կաթկթացող հեղուկից խուսափելու միակ միջոցը չեն: Արխիվային ֆոնդը խոնավությունից ինչ-որ կերպ պաշտպանելու համար ծածկված է պոլիէթիլենով:
Նշենք, որ Գրապալատի ֆոնդում պահվում են 1920թ.-ից մինչ օրս լույս տեսած տպագիր բոլոր հրատարակությունները և նյութերը՝ գրքերից, թերթերից, ամսագրերից մինչև ծրագրեր ու հրավիրատոմսեր: Tert.am-ի հետ զրույցում գրապալատի տնօրեն Հովհաննես Բեքմեզյանը նշեց, որ շենքը չի հիմնանորոգվել 1970-ականներից այս կողմ, և նման սարսափելի վիճակի մասին նա բազմիցս ահազանգել է պատկան կառույցներին:
«Արդեն 6-7 տարի է, որ «Հայաստանի ազգային գրապալատի միջնաժամկետ զարգացման ծրագրում» ներառվել է հիմնանորոգման խնդիրը, բայց մինչ այսօր որևէ արձագանք չկա: Քանիցս ահազանգել եմ Մշակույթի նախարարություն, նամակներ գրել, անձամբ նախարարին դիմել՝ խնդրելով հանձնաժողով ուղարկել, սակայն այս պարագայում էլ սայլը տեղից չի շարժվում»,- ասաց նա:
Հայաստանի ազգային գրապալատի տնօրենը նշեց, որ անցյալ տարի հերթական դիմումից հետո Մշակույթի նախարարությունը պատասխանել էր, թե միջնաժամկետ զարգացման 2012-2014թթ. ծրագրում ներառել է գրապալատի հիմնանորոգման խնդիրը: «Ես սպասում էի, որ այս տարվա բյուջեում արդեն գրապահոցի վերանորոգման ծախսերը նախատեսված կլինեն, սակայն, ցավոք, արդեն ծախսերն ընդունվել են, և որևէ անդրադարձ այս հարցին չկա»,- ասաց նա:
Տնօրենը չի կարծում, որ կառավարության և Մշակույթի նախարարության կողմից գրապահոցի նկատմամբ նման վերաբերմունքը հավաքածուի պակաս արժևորվումն է: «Սա չի կարող անարժեք հավաքածու լինել, սա Մատենադարի դերը կատարող հիմնարկություն է: Եթե Մատենադարանը ձեռագրերն է պահում, գրապալատը՝ տպագիր գրքերն է հավաքում և պահպանում»,- ասաց նա:
Գրապալատի աշխատակիցների նախնական հաշվարկներով խոսքը 100 մլն դրամի մասին է: «Թե ինչու կառավարությունը չի գտնում այդ գումարը, կամ չի կարևորում ֆոնդերի պահպանման խնդիրը, ես չգիտեմ, այն էլ այն պարագայում, որ մեր տպագրության 500-ամյակն է, իսկ Երևանը գրքի մայրաքաղաք էր, սակայն գրապահոցը այս վիճակում է»,- նշեց նա :
Հովհաննես Բեքմեզյանը հիշեցրեց, որ եթե նման վերաբերմունքը շարունակական լինի, ապա հավաքածուի ֆոնդը կվնասվի և շարքից դուրս կգա, ինչն էլ կլինի անդառնալի մշակութային կորուստ:










