Գետը դեռ չտեսած, եկե´ք, հոպ չասենք. Ռուբեն Գևորգյան
ԲՀԿ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի ( Ծաղիկ Ռուբո) համար անհասկանալի է, թե ինչու է մամուլին այդքան անհանգստացնում՝ թե առաջիկա համապետական ընտրություններում՝ Դավիթաշենի 5-րդ ընտրատարածքում միմյանց դեմ կառաջադրվե՞ն Ռուբեն և Արթուր Գևորգյանները, ովքեր հորեղբայր և եղբոր որդի են:
«Չեմ հասկանում, թե ձեզ ինչու է այդքան անհանգստացրել մեր ընտանքիների միջև գոյություն ունեցող գործընթացները: Իսկ ինչ վերաբերվում է իմ եղբոր որդուն, ապա Դուք ինքներդ եք շեշտում՝ «եղբոր որդի», իսկ եղբայրները, դրանք հոգևոր միաբանության միևնույն աստիճանի անձինք են»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, որ կոալիցիան կռիվ գցի Գևորգյանների ընտանիքում:
Ռուբեն Գևորգյանն այս առնչությամբ ավելացրեց՝ «գետը դեռ չտեսած, եկե՝ք, հոպ չասենք»:
Այդուհանդերձ, նա կրկնեց, որ եթե իսկապես որոշվի, որ որպես ՀՀԿ թեկնածու պետք է առաջադրվի իր եղբորոդին՝ Դավիթաշեն համայնքի ներկայիս թադապետ Արթուր Գևորգյանը, ապա նա խնդիրը կդիտարկի քաղաքական մի շարք հանգամանքներում և վերջնական որոշման համար կքննարկի իր կուսակցության լիդերի հետ:
«Ես հոգու մարդ եմ, և արյան գաղափարն ինձ համար մեծագույն արժեք է հանդիսանում: Եթե կուսակցության լիդերի որոշումը լինի մեծամասնականով ինձ առաջադրելը, և դրա հետ մեկտեղ առաջ է գալիս արդեն արյան խնդիր, ապա ես կարող եմ այդ ամեն ինչը անալիզ անել իմ քաղաքական կուսակցության լիդերի հետ և դրանից հետո արդեն դուք կիմանաք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ըստ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի տեղեկատվության՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հավանություն է տվել, որ առաջիկա ընտրություններին մեծամասնական ընտրակարգով Դավիթաշեն համայնքն ընդգրկոդ թիվ 5 ընտրատարածքից որպես ՀՀԿ թեկնածու առաջադրվի Դավիթաշեն համայնքի ներկայիս թադապետ Արթուր Գևորգյանը , մինչդեռ երեկ Ռուբեն Գևորգյանը Tert.am-ին ասել էր, որ ՀՀԿ-ն այս ընտրատարածքում ուրիշ թեկնածու ունի:
Հիշեցնենք, որ մամուլով Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Գևորգյանը, ով նաև ՀՀ ոստիկանապետ Արթուր Գևորգյանի փեսան է, միայն ասել էր, որ եթե կուսակցությունը որոշի, ապա ինքը կառաջադրվի այս ընտրատարածքում:
«Արթուր Գևորգյանն այս առնչությամբ պատասխանել է և ես ավելացնելու բան չունեմ»,- Tert.am-ին հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան Tert.am-ի այն հարցի, թե ճի՞շտ է, որ այս ընտրատարածքում ՀՀԿ-ն ունենալու է այլ թեկնածու:









