«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանը տեղափոխվեց մեկուսարան (թարմացված 1)
Այսօր առավոտյան բերման է ենթարկվել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանը Նրան առավոտյան, աշխատանքի գալու պահին շրջապատել են քաղաքացիական հագուստով անձինք և տարել անհայտ ուղղությամբ։ Ավելի ուշ պարզվել է, որ Գևորգյանը տարվել է Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք:
Tert.am-ի թղթակիցը, որ քիչ առաջ ոստիկանության բաժանմունքի մոտ էր, ականատես է եղել, թե ինչպես են ոստիկանները մեկուսարան տեղափոխել «Հայկական ժամանակի» լրագրողին:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատեց, որ Հայկ Գևորգյանը կալանավորված է և մեղադրվում է Քրեական օրենսգրքի 242 և 244 հոդվածների առաջին մասով՝ վրաերթ, որն առաջացրել է միջին ծանրության վնաս և դեպքի վայրը թողնելը և փախուստի դիմելը: Դեպքը, ըստ ոստիկանության կատարվել է այս տարվա հունվարին:
Հարցին, թե ինչու է լրագրողը կալանավորված, եթե նրան մեղադրանք չի առաջադրվել և 72 ժամը չի լրացել, ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանեցին, որ նա հետախուզման մեջ է եղել:
Ոստիկանության կենտրոնի բաժանմունքի մոտ քիչ առաջ հավաքված էին «ՀԺ»-ի և այլ թերթերի լրագրողներ: «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը Tert.am-ին հայտնեց, որ պատճառների մասին իրենց էլ շատ քիչ բան է հայտնի, քանի որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան:
Քիչ հետո «ՀԺ»-ի խմբագրությունը հանդես կգա հայտարարությամբ:
Նշենք, որ Facebook սոցիալական կայքում տեղեկություններ կան այն մասին, թե Հայկ Գևորգյանին հավանաբար ձերբակալել են վերջերս գրած մի հոդվածի համար, որում լրագրողն անդրադարձել է այն փաստին, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ավտոմեքենայի դիմապակուց բացակայում է ԱՊՊԱ ապահովագրության կտրոնը:
Հաջորդ կառավարության նիստում, որը լուսաբանելու էր գնացել նաև Հայկը, նրա մեքենայի հետևում կանգնած է եղել անծանոթ մի մարդ: Հայկը մեքենայից դուրս է եկել և խնդրել, որ նա ճանապարհ տա մեքենային, որից հետո մարդը մի փոքր հեռացել է, սակայն մեքենան շարժվելուց անմիջապես հետո սկսել է բղավել, թե իրեն վրաերթի են ենթարկել:









