Բրիտանացի նախարարին պաշտոնանկ են արել կնոջ վրեժի պատճառով
Մեծ Բրիտանիայի էներգետիկայի ու կլիմայի փոփոխության հարցերի նախարար Քրիս Հյուն այսօր հեռացվել է պաշտոնից: Ինչպես հաղորդում է Sky News-ը, Հյուն մեղադրվում է մեքենան արագ վարելու և ոստիկաններին ստելու մեջ. նա ոստիկաններին ասել է, որ մեքենայի ղեկին գտնվել է իր կինը` Վիկի Փրայսը:
Միջադեպը տեղի է ունեցել 2003 թվականի գարնանը, երբ Հյուն դեռ Եվրախորհրդարանի պատգամավոր էր: Նա իր կնոջ հետ վերադառնալիս է եղել լոնդոնյան օդանավակայանից, երբ նրա ավտոմեքենան կանգնեցրել են ոստիկանները:
Մեղքը խոստովանելու փոխարեն, նա հայտարարել է, որ մեքենան վարել է իր կինը, վերջինս ասվածը հաստատել է, և տուգանքը գրվել է կնոջ անունով:
Սուտը բացահայտվել է զույգի ամուսնալուծությունից հետո (2010թ.): Հյուի կինը The Sunday Times-ի հետ զրույցում պատմել է ողջ ճշմարտությունը, ինչն էլ «ընկել» է ոստիկանության ձեռքը:









