Ռամշտայն բազան կդառնա ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգի հրամանատարական կենտրոնը

14:16 • 03.02.12

ՆԱՏՕ-ի` Եվրոպայում Հակահրթիռային պաշտպանության համակարգ (ՀՊՀ) տեղակայելու ծրագրի հրամանատարական կենտրոնը կտեղակայվի Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում:

Ինչպես հաղորդում է BBC-ն` վկայակոչելով ՆԱՏՕ-ի դիվանագիտական աղբյուրներին, հրամանատարական կենտրոնը կսկսի գործել Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովից հետո, որը նախատեսված է Չիկագոյում, այս տարվա մայիսին, սակայն լիարժեքորեն կառույցը կսկսի գործել առաջիկա երկու տարվա ընթացքում:

Հակահրթիռային վահանների տեղադրման ծրագիրը մտահոգում է Ռուսաստանին, որի կարծիքով` այն խախտում է եվրոպական աշխարհամասում ուժերի հավասարակշռությունը և արժեզրկում ռուսական միջուկային զինանոցի զսպման ուժը:

Արևմտյան երկրները վստահեցնում են, որ ՀՊՀ-ն ուղղված չէ Ռուսաստանի դեմ և նախատեսված է «երրորդ իզգոյ» երկրի կողմից հանկարծակի հրթիռային հարվածների դեմ պաշտպանությանը` ի նկատի ունենալով առաջին հերթին Իրանին:

ՆԱՏՕ-ն նախատեսում է ավարտին հասցնել Եվրոպայում Հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման աշխատանքները մինչև 2020 թվականը:

Բացի այդ, Գերմանիայում և Իսպանիայում կտեղակայվեն տարբեր տեսակի սպառազինությամբ զինված ամերիկյան նավեր, Լեհաստանում ու Ռումինիայում` ցամաքային հրթիռային համալիրներ, իսկ Թուրքիայում` հրթիռային հարձակման մասին նախազգուշացնող ռադիոտեղորոշիչ կայան: