Վաղը Սուրբ Սարգիս Զորավարի տոնն է

17:58 • 03.02.12

Վաղը՝ փետրվարի 4-ին հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը, որին ընդառաջ այս գիշեր բոլոր չամուսնացած երիտասարդները քնելուց առաջ կարող են աղաբլիթ ուտել և տեսնել իրենց ապագա կողակցին:
Սուրբ Սարգսի տոնը մեր օրերում հռչակված է որպես երիտասարդների օրհնության օր: Սուրբ Սարգիսը համարվում է սիրո բարեխոս: Ըստ ավանդության` Ս.Սարգիս զորավարը իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում: Սակայն հետագայում Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը Ս. Սարգսի մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան) տեղում կառուցելով նրա անունը կրող եկեղեցի:

Չնայած տոնը վաղն է, այսօր Սուրբ Սարգիս եկեղեցու շրջակա տարածքում երիտասարդ աղջիկների ու տղաների պակաս չէր զգացվում: Տարածքում չէր զգացվում նաև աղաբլիթներ վաճառողների պակաս, ովքեր առիթից օգտվելով վաճառքի էին հանել տարբեր խորհրդանշական իրեր:

Հարցին, թե փոքրիկ ավելները՝ նռերով զարդարված, ցորենի հասկերն ու զանազան ծաղիկներն ինչ կապ ունեն տոնի հետ, վաճառողներից Փիրուզ անունով մեկը պատասխանեց. «Որ կապ չունենար, ինչի պետք է վաճառեինք: Օրինակ ավելը, նուռը միության նշան են: Առեք, տարեք, թող ձեր ընտանիքներում միություն լինի»:

Բացի աղաբլիթներից այստեղ գրեթե յուրաքանչյուր հուշանվերի գինն սկսվում է 500 դրամից և հասնում մինչև 1000 դրամ: Օրվա խորհրդանիշ աղաբլիթներն արժեին 50-150 դրամ: Վաճառողուհիներից ոմանք մրցակցության մեջ հաղթող դուրս գալու համար բարեմաղթանքներ էին գրել ու դրել աղաբլիթների հետ: Օրինակ՝ «Հավատա քո սիրուն»:

Ի դեպ, նշենք, որ Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդներն անվճար աղաբլիթներ էին բաժանում բոլոր երիտասարդներին ինչը վրդովեցնում էր աղաբլիթ վաճառող կանաց:
«Գնացեք էլի, թողեք մի երկու կոպեկ փող աշխատենք»,- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդներին ասում էր աղաբլիթներով լի տուփը ձեռքին մի կին: