Սերժ Սարգսյանը լավ կաներ հանդիպեր ՀԱԿ-ի, ՀՅԴ և «Ժառանգության» հետ». Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ` նախագահ Սերժ Սարգսյան լավ կաներ, եթե հանդիպեր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի, «Հայ հեղափոխական դաշնակցության» և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչների հետ և քննարկեր ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելու հարցը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ չի ժխտում, որ իրենց կողմից համասնական ընտրակարգի հարցը բարձրացնելը մի փոքր ուշացած էր: Այդուհանդերձ,քաղաքական կամքի առկայության դեպքում, նրա համոզմամբ, հարցը կլուծվի:
«Նախագահը լավ կաներ, որ հանդիպեր ՀԱԿ-ի, «Դաշնակցության» և «Ժառանգության» հետ: Եվ այս հարցը միասին քննարկվեր, բայց այս ամենի առարկայական գնահատականն այն է, որ քաղաքական նոր մշակույթ է ստեղծվել»,- ասաց նա և ողջունեց ընդդիմությանը այս հարցում սատարելու`«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությունը:
Րաֆֆի Հովհաննիսյանը համոզված է, որ այսօր Հայաստանի համար շատ կարևոր է անցումը 100%-անոց համամասնական ընտրակարգին: Կուսակցության առաջնորդը նաև տեղեկացրեց, որ իրենք այսօր պատրաստ են դաշինք ստեղծելու շուրջ քննարկումներ անցկացնել քաղաքական ցանկացած ուժի հետ:
«Մենք կհանդիպենք բազմաթիվ կուսակցական պատվիրակությունների հետ և եթե փոխադարձ հետաքրքրություն լինի, դա կանենք ավելի լայն օրակարգով: Ցանկության դեպքում կհանդիպենք նաև իշխանության մաս կազմող կուսակցությունների՝ հանուն մեր երկրի»,- վստահեցրեց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը պարզաբանեց նաև «Ժառանգության» և ՀՅԴ-ի միջև վերջին շրջանում հաճախակի դարձած համագործակցությունների պատճառը. ««Դաշնակցությունն» ու մենք խորհրդարանի ընդդիմադիր երկու խմբակցություններն ենք և կա փոխհարգալից համագործակցություն: Ազգային հարցերում մենք միասնական ենք, առաջիկա շրջանը ցույց կտա, թե հնարավո՞ր է արդյոք սերտ համագործակցություն: Բայց արդեն հասկանալի է որ յուրաքանչյուր կուսակցություն պատրաստվում է գնալ ընտրությունների միայնակ: Դա էլ հասկանալի է, որովհետև յուրաքանչյուրն ունի իր խնդիրները»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք հնարավոր է համարում համագործակցությունը ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ, չնայած խոսակցություններին, թե Օսկանյանը համակրանք ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, Հովհաննիսյանը պատասխանեց. «Որպես ընտրակեղծիքների դեմ պայքարողներ այո, բայց ես չեմ հանդիպել իրեն և չգիտեմ թե նրա մտքում ինչեր կան՝ քաղական առումով»:
«Ինչ վերաբերում է երկրորդ նախագաին՝ մենք հիշաչար չենք, քննիչ չենք: Մենք մտել ենք այնպիսի փուլ, որտեղ ճնշումները շատ են, երկիրը փոքր է, ես չեմ նայում, թե նախկին և ներկա նախագահների միջև ինչ հարաբերություններ կան: Կարևոր է այն, թե որն է Հայստանի համար լավ: ՀՀ-ի ազատության ապագան գտնվում է նոր բանաձևի որոնման մեջ»,-ասաց նա:









