ԱՄՆ-ում նշվել է ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-ամյակը

15:54 • 03.02.12

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունում փետրվարի 1-ին տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում` նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձին:

Ինպես տեղեկանում ենք Պաշտպանության նախարարության հաղորդագրությունից` միջոցառմանը մասնակցել են ավելի քան 60 երկրների հարյուրից ավելի բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական պաշտոնատար անձինք:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ, փոխգնդապետ Ա.Մկրտչյանը, ով ներկայացրել է ՀՀ զինված ուժերի կազմավորման փուլերն ու անցած ճանապարհը:

ՀՀ զինված ուժերին իր բարեմաղթանքներն է հղել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Կարլ Հորսթը` բարձր գնահատելով հայկական զորախմբի մասնակցությունն Աֆղանստանում անվտանգության և կայունացման գործողություններին: