Ոստիկանական հենակետերն առայժմ կփոխարինվեն վարձակալական տարածքներով
Ոստիկանությունը մինչև այս տարվա հունիսն ընկած ժամանակահատվածը ոստիկանական հենակետերը բնակչությանը մոտ տարբեր վարձակալած տարածքներով փոխարինելու մասին բանակցություններ կվարի, այս մասին Tert.am –ին հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը։
Նա նաև նշեց, որ պատճառները ֆինանսական են, այսինքն՝ քանի որ միայն Երևան քաղաքում ոստիկանության հաշվարկներով անհրաժեշտ են 40 –ից ավելի խիստ ծախսատար և ոստիկանության բյուջեում չտեղավորվող հենակետեր, ապա ժամանակավորապես այս տարբերակն է ընդունվել: Այս մասին նշված է նաև ՀՀ ոստիկանության 2011թ. դեկտեմբերի 2-ին ընդունված հայեցակարգում:
Հարցն արմատապես կարող է լուծվել Եվրամիության համապատասխան ծրագրերի ֆինանսավորման շրջանակներում. ոստիկանությունն արդեն ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրել է կառավարությանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ Երևան քաղաքում տեղադրվեցին 3 հենակետեր, 2 –ը տեղադրվեցին Արաբկիրում՝ ԵԱՀԿ գրասենյակի, իսկ մյուսը Խանջյան փողոցում՝ ոստիկանության միջոցներով:
Նշենք, նաև որ տևական ժամանակ է, ինչ ոստիկանությունն օգտվում է ԵԱՀԿ աջակցությամբ հրատարակված ոստիկանության գործողությունների, ուժի և զենքի գործադրման և բանակցություններ վարելու ռազմավարության վերաբերյալ երկու ուղեցույցերից, որոնք մշակվել են ոչ միայն ոստիկանության, այլև ՄԹ-ից հրավիրված մասնագետների կողմից:
Հարցին, թե ինչպես է նկարագրվում ոստիկանության և զանգվածային միջոցառման մասնակիցների գործողությունների դեպքում իրավաչափության հարցը, փոոխոստիկանապետը նշեց.« Քանի որ անհնար է ներկայացրել բոլոր իրավիճակները, փորձել ենք առավելագույնս կոնկրետ օրինակների վրա , կոնկրետ իրավիճակներով ցույց տալ»։ Օսիկյանի խոսքով՝ այդ ամենն արդեն ներդրվել է ոստիկանության ուսումնական պլանում և պարտադիր պարապմունքներում:
Բերված օրինակները վերաբերում է նաև այն նրան, թե կարող է արդյոք ոստիկանն իր գործողությունն իրավաչափ համարել և զենք կամ հատուկ միջոց գործադրել, եթե ոստիկանին թվում է, որ ամբոխից ինչ-որ մեկը ձեռքը տանում է դեպի գրպանը և այնտեղից զենք, քար կամ այլ առարկա է հանում, որը կարող է վտանգավոր լինել դիմացինի կյանքի և առողջությանը։
Հայաստանում ոստիկանության համապարփակ բարեփոխումներին աջակցող ԵԱՀԿ փորձագետներն այս ուղեցույցների ներկայացման ժամանակ հետևողականորեն ընդգծում էին այն, որ պետությունը բոլոր հնարավոր ջանքերը պետք է գործադրի` երաշխավորելու ուժի կիրառումը օրենքի սահմաններում և խիստ համաչափության մեջ:









