Բակո Սահակյանը Վահագն Հովնանյանին շնորհավորել է 80-ամյակի առիթով
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել հայտնի գործարար և բարերար, «Հովնանյան ինտերնեյշնլ» ընկերության նախագահ Վահագն Հովնանյանին նրա ծննդյան 80–ամյակի առիթով:
Ուղերձում ասված է.
«Հարգարժան պարոն Հովնանյան,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ փառապանծ հոբելյանի` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:
Արցախում գիտենք և բարձր ենք գնահատում Ձեր անձնվեր գործունեությունը` ուղղված հայրենիքի շենացմանն ու բարգավաճմանը, հարազատ ժողովրդի բարօրությանը, ազգային մշակույթի և կրթության զարգացմանը: Մեծ է Ձեր ավանդը սփյուռքում հայապահպանության, հայոց լեզվի ու հավատքի ամրապնդման գործում: Վստահ եմ` հայրենասերի Ձեր կերպարը կոգեշնչի և լավ օրինակ կհանդիսանա շատ սերունդների համար:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երկար տարիների կյանք, նոր ուժ ու կորով: Թող հաջողությամբ պսակվեն Ձեր բոլոր ազգանպաստ ծրագրերն ու ձեռնարկումները` ի փառս մեր հայրենիքի ու ժողովրդի»:










