Չինաստանը հանում է հոլիվուդյան ֆիլմերի ցուցադրման արգելքը
Չինաստանը հանում է հոլիվուդյան ֆիլմերի ցուցադրման արգելքը: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին երեկ պայմանավորվել են Միացյալ Նահանգների և Չինաստանի փոխնախագահներ Ջոզեֆ Բայդենն ու Սի Ցզինպինը:
«Չինաստանի հետ ձեռքբերված համաձայնությունը կթեթևացնի բազմաթիվ ամերիկյան կինոստուդիաների ու անկախ ռեժիսորների կյանքը և կմեծացնի աշխատատեղերի թիվն ինչպես Չինաստանում, այնպես էլ Միացյալ Նահանգներում»,- հայտարարել է Բայդենը:
Մինչ այժմ Չինաստանում թույլատրվում էր հեռարձակել տարեկան 20 արտասահմանյան ֆիլմ, ինչն 2009-ին արժանացել է Առևտրի համաշխարհային կազմակերպության քննադատությանը:
Մինչ այժմ օտարերկրյա ֆիլմարտադրողները շրջանցել են օրենքը` չինական կողմի հետ համատեղ ֆիլմեր նկարահանելով: Այդ հաջողված համագործակցության օրինակներից է «Պատերազմի ծաղիկները» ֆիլմը, որի ցուցադրությունը միայն Չինաստանում հավաքել է 93 մլն դոլար գումար:
Փետրվարի 10-ին հայտարարվել է Չինաստանում պետական կինոհիմնադրամ ստեղծելու մասին, որը պետք է համագործակցի Հոլիվուդի հետ: Իսկ չորեքշաբթի հայտնի դարձավ, որ ամերիկյան DreamWorks Animation կինոստուդիան մտադիր է Շանհայում ստուդիա կառուցել, որի արտադրանքը կհայտնվի ասիական շուկայում:
Չինական կինոշուկան համարվում է ամենահեռանկարայինն աշխարհում:










