ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի գործով դատական նիստ՝
2012թ. փետրվարի 20-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Ա. Սուքոյան) նշանակված է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակեիպությունն ընդդեմ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ դատական նիստը:
Ըստ գրասենյակի հաղորդագրության՝ նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանը նույն ժամին մասնակցում էր մեկ այլ դատական նիստի:
Հիշեցնենք, որ կազմակերպության կողմից հայցադիմում ներկայացնելու համար հիմք են հանդիսացել Վլադիմիր Գասպարյանի կողմից 2011 թ. հոկտեմբերի 17-ին www.hraparak.am էլեկտրոնային էջում և 2011թ. հոկտեմբերի 15-ին «Զինուժ» ծրագրում տրված հարցազրույցները:
Կազմակերպությունը գտնում է, որ հարցազրույցներն իրենց մեջ պարունակում են մի շարք վիրավորական և միևնույն ժամանակ կազմակերպության բարի համբավն արատավորող արտահայտություններ:
Կազմակերպությունը դատարանից պահանջում է կազմակերպությանը և ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կազմակերպած ՀՀ զինված ուժերում որդիներ կորցրած մայրերին վիրավորանք հասցնելու համար պատասխանող Վլադիմիր Գասպարյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել և նրանից հօգուտ մեր կազմակերպության բռնագանձել 10 (տասը) ՀՀ դրամ՝ բռնագանձումը տարածելով նրա գույքի վրա:
«Վլադիմիր Գասպարյանին մեր կազմակերպությանը և ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիա կազմակերպած ՀՀ զինված ուժերում որդիներ կորցրած մայրերին զրպարտելու համար պարտավորեցնել լրատվական նույն միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները եւ նրանից հօգուտ մեր կազմակերպության բռնագանձել 10 (տասը) ՀՀ դրամ՝ բռնագանձումը տարածելով նրա գույքի վրա»,– ասվում է հաղորդագրությունում:









