Սիրիական բանակն ինտենսիվացրել է Հոմսի ռմբակոծությունը. պատճառը ՄԱԿ-ի բանաձևն է

12:22 • 18.02.12

Սիրիական բանակը վերսկսել է Հոմս քաղաքի հրետակոծությունը` անտեսելով նախօրեին ՄԱԿ-ի ընդունած բանաձևը, որը կրակի դադարեցում է պահանջում:

Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, սիրիացի ընդդիմադիրները հայտարարել են, որ ներկայիս գնդակոծումը համարվում է ամենադաժանը վերջին 13 օրերի ընթացքում:

Սիրիա է ժամանել Չինաստանի ներկայացուցիչը` նախագահ Բաշար ալ Ասադին հանդիպելու նպատակով: Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են քվեարկել ՄԱԿ-ի` Սիրիայի հարցով բանաձևին, որը, ամենից զատ, կոչ է անում Ասադին հրաժարական տալ և իշխանությունը փոխանցել տեղակալին:

Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ բանաձև է ընդունել, որով պաշտոնական Դամասկոսին կոչ է արվում դադարեցնել արյունահեղությունը և մարդու իրավունքների խախտումները: Արաբական երկրների լիգայի անդամների կողմից առաջարկված փաստաթուղթը նաև պահանջում է Ասադի հրաժարականը:

Սիրիայում մոտ մեկ տարի է բախումներ են ընթանում կառավարական զորքի ու Ասադի հակառակորդների միջև: Այս ժամանակահատվածում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհվել է մոտ 6.000 մարդ: