G20-ը կքննարկի ԱՄՀ-ի կապիտալն ավելացնելու հարցը

14:42 • 18.02.12

Մեծ քսանյակի անդամ երկրների ֆինանսների նախարարներն ու Կենտրոնական բանկերի նախագահները մեքսիկական Լոս Կաբոս քաղաքում փետրվարի 24-26-ն անցկացվելիք հանդիպմանը կքննարկեն Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կապիտալն ավելացնելու հարցը:

Ավելի վաղ ԱՄՀ-ն պաշտոնապես հաստատել էր վարկավորման ռեսուրսները 500 մլրդ դոլարով ավելացնելու անհրաժեշտության մասին` այն հասցնելով  1 տրիլիոնի: 500 մլրդ գումարը ներառում է եվրոպական երկրներին խոստացված մոտ 200 մլրդ-ը` հիմնադրամի վարկավորման հզորությունը մեծացնելու նպատակով:

Մեքսիկայի ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Ուգո Արեդոնդոն էլ հայտնել է, որ ԱՄՀ-ի ֆինանսական միջոցները մեծացնելու հարցը կքննարկվի նաև Մեծ քսանյակի ներքո գործող հատուկ աշխատանքային խմբի կողմից, որի նախաձեռնությամբ են հանդես եկել Ավստրալիան ու Թուրքիան:

Ի դեպ, գագաթնաժողովի շրջանակում կանցկացվի Մեծ քսանյակի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում, որին մասնակցելու համար Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն այսօր մեկնում է Մեքսիկա:

Ինչպես հաղորդում է «Ջիհան» գործակալությունը, նիստի շրջանակներում Դավութօղլուն երկկողմ հանդիպումներ կունենա իր գործընկերների հետ: