Սիրիայում կրակել են երեկվա բախումների զոհերի սգո թափորի վրա

16:47 • 18.02.12

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում հազարավոր մարդիկ հավաքվել են անվտանգության ուժերի հետ երեկվա բախումների ընթացքում զոհված անձանց հիշատակը հարգելու համար:

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, կառավարական ուժերը մարտական փամփուշտներով կրակ են բացել մարդկանց ուղղությամբ, նպատակ ունենալով թույլ չտալ հավաքվածներին հակակառավարական ցույց անցկացնել: Ընդդիմության տեղեկություններով 4 մարդ վնասվածքներ է ստացել:

Այսօր Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ «երկրի թշնամիներն արդեն 11 ամիս փորձում են պառակտել երկիրը»:

«Սիրիան բախվել է երկրի արմատական և տարածաշրջանային ու պատմական նշանակության պառակտման փորձի հետ», - ասել է Ասադը պետական հեռուստաընկերության եթերում:

Սիրիայում անցած տարվա մարտից չեն դադարում հակակառավարական ելույթները, որոնց ընթացքում ՄԱԿ-ի տվյալներով արդեն զոհվել է 6000-ից ավելի մարդ: