Գայլաորս թույլատրելու կառավարության որոշումը բարբարոսություն է. Սիլվա Ադամյան
Հայաստանի տարածքում 200 գայլ սպանելու թույտվություն տալու՝ կառավարության որոշումը բարբարոսական է և կհանգեցնի Հայաստանում այս կենդանու պոպուլացիայի կրճատմանը այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Էկոլոգիական հասարակական դաշինքի» համակարգող Սիլվա Ադամյանը:
Ըստ նրա՝ գայլերի պոպուլացիան կնվազի նաև այն պատճառով, որ գայլի մորթին, ատամները և սեռական օրգանները մեծ պահանջարկ ունեն սև մոգության ծիսակարգեր անցկացնող կախարդների շրջանում։
Հիշեցնենք, որ կառավարությունը օրերս գայլերի որսը խթանելու մասին որոշում էր ընդունել՝ հայտարարելով , որ յուրաքանչյուր սպանված գայլի գլխի դիմաց որսորդները 100 հազ դրամով պարգևատրվեն: Որոշումը գործադիրը պայմանավորել էր նրանով, որ գայլերի թվաքանակն աճել է, ինչին զուգահեռ ավելացրել գայլերի հարձակումները ընտանի կենդանիների և մարդկանց բնակավայրերի վրա:
Սիլվա Ադամյանը հայտարարեց, որ ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում, երբ «ամբողջ մի կարողություն» է խոստացվում, գայլի որսը կարող է ամբողջությամբ դուրս գալ վերահսկողությունից և հանգեցնել անդառնալի կորուստների: Ուստիև նա առաջարկում է գայլերի դեմ պայքարել ավանդական մեթոդներով՝ գյուղացիական տնտեսություններին գամփռ շներ՝ տրամադրելով:
Ասուլիսին ներկա Մամիկոն Ղասաբյանը, Բնապահպանական պետական տեսչության ավագ տեսուչ Արթուր Բեգլարյանը և Բնապահպանության նախարարություն աշխատակից Արտաշես Զիրոյանը պնդեցին , որ կառավարության որոշումն իրականում ոչ մի լուրջ փոփոխությունների չի հանգեցնի:
«Գայլը տարածքային կենդանի է, «ինքնակարգավորվող», այսինքն՝ գայլը երբեք շատ կամ քիչ չի լինում, գայլը լինում է այնքան, ինչքան բնությամբ պետք է լինի»,- ասաց Մամիկոն Ղասաբյանը:
Վերջինս նաև ասաց, որ յուրաքանչյուր տարի 100 -350 գայլ է սպանվել և հետևաբար թվաքանակի վրա կառավարության որոշումը չի ազդի։
Արտաշես Զիրոյանն էլ հավելեց , որ գայլի որսը բավականին բարդ է, և որոսորդներից շատերը փամփուշտները կափսոսան որսի գնալու համար:
«Մենք թույլատրել ենք անել որսի սեզոնին, բայց որս անող չկա , դրա համար մենք որսորդներին շահագրգռել ենք, բայց չկա շահագրգռվածություն»,- ասաց նախարարության աշխատակիցը:









