Եգիպտոսի նախագահական ընտրություններում կին թեկնածո՞ւ կլինի

11:59 • 18.02.12

Եգիպտոսում առաջին կինը, որը ցանկություն է հայտնել առաջադրվել նախագահական ընտրություններում, հայտնի հաղորդավարուհի ու հասարակական գործիչ Բուսեյնա Քամելն է: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` վկայակոչելով եգիպտական լրատվամիջոցները, Քամելն իր որոշման մասին պաշտոնապես հայտարարել է Պորտ Սաիդ քաղաքում հեղափոխական երիտասարդության հանրահավաքի ժամանակ:

Նա խիստ քննադատության է ենթարկել ներկա իշխանություններին:

«2011թ. հունվարի 25-ին տեղի ունեցած հեղափոխությունից ի վեր երկիրը ղեկավարող Զինված ուժերի գերագույն խորհուրդը կիրառում է այն նույն մեթոդները, որոնք կիրառում էր նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի ռեժիմը», - հայտարարել է Քամելը:

Նրա կարծիքով` խորհուրդն «ամենակարճ ժամկետներում» պետք է իշխանությունը հանձնի նոր առաջնորդի:

Քամելի թեկնածությանն աջակցում են մի քանի ստեղծագործական արհմիություններ, կանանց հասարակական կազմակերպությունները և երիտասարդական շարժումների մի մասը: Նախագահ դառնալու համար նա այժմ պետք է պաշտոնապես գրանցվի որպես թեկնածու, անցկացնի հաջող նախընտրական քարոզարշավ և հաղթի նախագահական ընտրություններում, որոնք կանցկացվեն հունիսի վերջերին: