Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյանն օրն է. չմոռանաք միմյանց գիրք նվիրել

10:27 • 19.02.12

Արդեն մի քանի տարի է փետրվարի 19-ը Հայաստանում հռչակված է որպես «Գիրք նվիրելու օր»՝ ի հիշատակ 1869թ. այս օրը Լոռվա Դսեղ գյուղում ծնված մեծ գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի:

Թումանյանը ծնվել է Լոռվա Դսեղ գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում` Սահակ վարժապետի դպրոցում, այնուհետև Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր վիճակի պատճառով 1887 թ. ստիպված եղավ թողնել դպրոցը և աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։

Թումանյանը սկսել է ստեղծագործել 1880-ականների կեսից, համագործակցել է հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Գրողը լայն ճանաչում է ձեռք բերել «Բանաստեղծություններ» հավաքածուի լույս տեսնելուց հետո: Նրա գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում 19-րդ դարի վերջին տասնամյակը – 20-րդ դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։

Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսիք են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892 թ.), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890 թ.), «Անուշ» ողբերգությունը (1890թ., հրատարակվել է 1892 թ.)։

1899թ. Հովհաննես Թումանյանը կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։

20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-1907 թթ. մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարությունը նրան երկու անգամ ձերբակալում է (1908թ. և 1911թ.) ու բանտ նետում։

1912–1921 թթ. Թումանյանը Հայ գրողների կովկասյան միության նախագահն է դառնում։ Արդեն Հայաստանի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանի օգնության կոմիտեի նախագահը (1921-22)։

Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։