Ժապավեն հովվերգության. «Հովիվը» ֆիլմի առիթով

14:10 • 26.02.12

Երբ փետրվարի կեսին «Հովիվը» ֆիլմը ստեղծողները (ռեժիսոր` Արտակ Ավդալյան, պրոդյուսեր` Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյան) իրենց աշխատանքը ներկայացրեցին, ֆիլմի մասին մամուլում (և ոչ միայն) հայտնված արձագանքները 2 հիմնական ուղղվածություն արձանագրեցին: Մեկն այն, որ ֆիլմում Անժելա Սարգսյանն է նկարահանվել` բոլոր հնարավոր շահարկումներով: Եվ երկրորդը` թվում է` «պրեսռելիզային» «առաջին անգամ Նարեկացու մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել» նախաբաններով: Գրվեց նույնիսկ, թե վերջին 1000 տարվա մեջ` 1-ին անգամ: Ասես կինեմատոգրաֆը ամբողջ այդ ընթացքում գոյություն է ունեցել, բայց նկարող չի եղել…

Այն դեպքում, երբ «Հովիվը» առաջնահերթ այլ մոտեցումների ու քննարկումների կարիք է զգում: Ոչ պակաս գուցե` ավելի շատ ցուցադրությունների: Մնում է հուսալ, որ այս աշխատանքին «երկորդ շանսը» կտան առաջիկա արտահայաստանյան ցուցադրությունները ու ոչ խիստ տեղական ընկալումները. Tert.am-ի հետ զրույցում ֆիլմի ռեժիսորն ասաց, որ առաջիկայում կլինի ֆիլմի ցուցադրությունը Բեյրութում, ապա հնարավոր է ԱՄՆ-ում: Իսկ Երևանում ֆիլմը տասն օր ցուցադրվեց, նախատեսված էր ի սկզբանե` էլ ավելի քիչ: Փետրվարի 25-ից «Մոսկվա» կինոթատրոնը դադարեցրեց «Հովվի» ցուցադրությունը: Չնայած դա էլ բան է, որ կինոթատրոնն իր զուտ կոմերցիոն ֆիլմերի շարքում նաև նման աշխատանքի տեղ տվեց` չնայած հաճախելիության ոչ ամենաբարձր ցուցանիշներին: Tert.am-ի կինոդիտման օրը շուրջ 40 հանդիսատես կար, մի մասը` հոգևորականներ: Ի դեպ, հայաստանցի կինոդիտողի ոչ ադեկվատ լինելը հենց նման ֆիլմերի դեպքում է առավելագույնս դրսևորվում, ցավոք: Մեր հանդիսատեսը մի տեսակ պատրաստ չէ այսպիսի ֆիլմերի. «Հովվի» ցուցադրության ժամանակ շատերն անթաքույց ձանձրանում էին (ակնհայտորեն հիասթափված-դժգոհ ֆիլմի շուրջ բարձրացված անձնավորված աղմուկից)` դրանից բխող բոլոր գործողություններով, որ հայ հանդիսատեսը իրեն թույլ է տալիս մշակութային օջախներում…

Եվ այս պարագայում արդեն միամտություն է այն, թե ֆիլմի մեկնարկային կադրը, որ այդքան խոստումնալից է, պարզապես գտնված, կզգաստացնի հանդիսատեսին` գեղեցիկի, վեհի ամբողջ ուժով: Քարանձավի խորքից համայանապատկեր է ֆիքսված:
Անձավի մութը շրջանակի պես եզերում է պատկերը, իսկ միջում` բնության չքնաղ տեսարան է: Ընդհանրապես «նատուրաների» հաջող ընտրությունը այս ֆիլմի դրական կողմերից է (նկարահանվել է Արևմտյան Հայաստանում, ՀՀ-ում` Սանահինում, Գեղարդում, Օշականում): Իսկապես սիրուն է մեր բնությունը ու ցույց տալու բան, փաստորեն, դեռ կա` մնացել է: Բայց ահա հայտնվում է հայ (դերասան) մարդն այդ բնության մեջ ու մի տեսակ… շատ խիստ կոնտրաստ է առաջանում` ոչ ի օգուտ առաջինի:

Ֆիլմի ընթացքում ևս մի քանի անգամ բանեցված «քարանձավային պատկերը»` իր էֆեկտով, բնության այլ տեսարաններ, խցերը, նույնիսկ որոշ «աշխարհիկ» կացարաններ` իրենց ոճավորմամբ, հիմնականում «համոզում»` տրամադրում են այն բանին, որ հանդիսատեսը 10-11-րդ դարի անցքերի է ականատես լինելու: Բայց ահա հայտնվում են սերիալայնացված մի շարք դերասաններ, ինչպես ասում են` լրիվ ուրիշ օպերայից (տվյալ դեպքում` պղպջակային օպերաներից` սերիալներից) և անում իրենց գործը: Մասնավորապես` ներկայացնում մուննաթային տոն, միմիկա, մաներաներ: Նման դեպքերում ֆիլմի հերոսներից մեկի ոգով` քիչ է մնում մարդ հնչեցնի ավանդական «մեղա, մեղա»-ն: Ավելին` հասկանալի է դառնում, թե սերիալը կոնկրետ ինչպես ու ինչ աստիճանի է փչացնում դերասանին (սա, իհարկե, միայն «Հովվին» չի մեղսագրվում):

Ինչ վերաբերում է գլխավոր դերակատարին` Արթուր Կարապետյանին (որի մասին խոսելիս, ցավոք, հիմա շատ են կիրառում «այսինչ սերիալի դերասանը» արտահայտությունը), ապա նա, իհարկե, սերիալային դերասան չէ (սերիալում անգամ թատրոնի դերասան է` իր տիպով. ի դեպ, նրա ձայնը, որքան էլ հրաշալի, տվյալ դեպքում ի վնաս էր գործածված): Բայց «Հովվում» նրա հայտնվելու առաջին իսկ պահերից ակամա Աստված ես կանչում, որ նույն այդ «այսինչ սերիալից» հանկարծ չհայտնվի որևէ խայտառակ կերպար` Արթուրի սերիալային խաղընկերներից:

Արթուրի սերիալայնությունը իրեն զգացնել է տալիս միայն նման մտավախության տեսքով: Մեզ հետ զրույցում ռեժիսորն ասաց, որ գրեթե ամենասկզբից էլ Արթուր Կարապետյանին է պատկերացրել այս դերում (չնայած, ճշգրտենք` դերը նրա համար չի գրվել): Պետք է ասել դերասանի ընտրությունը հաջող է` բուն ընտրության մակարդակում: Արթուրի պրոֆիլը կադրում առավելագույնս դիտարժան է, իսկ իր դերի մասին խոսելիս ցուցաբերած ինքնաքննադատական մոտեցումը` միայն հօգուտ: Բայց ավելի համապատասխան գրիմի, ատրիբուտների, ինչու չէ` նաև վարսահարդարման բացը զգալի է: Գրեթե բոլոր արական սեռի դերասաններն այս ֆիլմում ունեն սանրվածքի խնդիր. դժվար է հավատալ, որ 10-րդ դարում հայ տղամարդիկ ունեցել են նույն տիպի բաքեր, օրինակ, ինչ հիմա և համատարած:

Հակառակ սրան, ֆիլմի իգական հատվածը առավել ակնահաճո է` թե հայկական գեղեցկություն ասվածի յուրովի մարմնացումը հանդիսացող երիտասարդ դերասանուհիների, թե կոլորիտային մայրեր խաղացողների առումով: Միայն թե, այս դեպքում էլ, խանգարում է դիմահարդարումը. կրկին հրաժարվում ես հավատալ, որ հայ կանայք, թեկուզ պալատականները, 10-11-րդ դարերում հոնքերի նման մշակում են ունցել կամ շպարվել են նույնքան անճաշակ. կինոխցիկը այս առումով էլ է անողոք: Թվում է` միակ բանը, որ անշեղ և հին օրերում է այդպես եղել, և հիմա, մեր շատ հոգևորականների մեղմ ասած անհարիր, ինքնավարկաբեկող պահվածքն է: Առանձին ու ավելի հիմնավորված պրետենզիա, անշուշտ, ուզում են ֆիլմի հանդերձները: Բայց այս դեպքում ուղղակի ցանկանում ենք հավատալ ռեժիսորի ասածին, թե եղել են ժամանակաշրջանի գիտակ խորհրդատուներ, որ տարազները ոչ թե պարի խմբերից են փոխառված, այլ իսկապես մոտ են Վանի տղամարդկանց տարազին: Չնայած կանանց տարազների զարդանախշերը, այնուամենայնիվ, ավելի մոտ էին սլավոնականին, քան հայկականին…

Բայց զուտ հայկականին հավատարիմ մնալն էլ մի ուրիշ խնդիր է: Այս ֆիլմում նման` ամենալուրջ խնդիրը լեզվական կողմն է: Պետք չէ բանասեր լինել` հասկանալու համար, որ այն օրերին, ասենք, «էդպես-էնպես»-ով չէին խոսի, կրկին` նման սերիալային շեշտադրումներ չէին անի, առավել ևս նման կտրուկ անցումներ չէին արվի`մեր չիմացած գրաբարից մեր իմացած հայերեն և հակառակը: «Սերիալաբնույթ հայերենիզմներին» չէին հակադրվի ոճական բառաձևեր, արտահայտություններ` «յուր ամուսին», «ինքնապարսավ միտք» և այլն:

Դե իսկ աշխարհաբարով «Մատյան ողբերգությունից» արվող չափազանց շատ մեջբերումները շփոթմունք են առաջացնում` ֆիլմը Նարեկացու «Մատյան ողբերգության» գործի՞ մատուցումն է` տեսատարբերակով, թե՞ առհասարակ Նարեկացու մասին է: «Նարեկից» այդքան առատ ընթերցումները իրենց արդարացումն են այն դեպքերում, երբ հաջողում է «կարթող» շեշտադրումներ անել` մահվան մասին խոհերի կտրվածքով, օրինակ: Նարեկացու մասին ոչ բավարար փաստացի տվյալների պարագայում` ռեժիսորը ճիշտ է կառուցել պատումը` ընտրելով այպես կոչված flashback-երի` վերհուշների տարբերակը, երբ Նարեկացին ներկայացվում է տարբեր հերոսների նրա մասին ունեցած հուշերով, պատմություններով: Բայց միևնույնն է Գրիգոր Նարեկացու բացառիկությանը, մեծությանը հաղորդակից լինել-դառնալու փորձերի վերաբերյալ խոսելիս օգնության են հասնում հենց ռեժիսորի խոսքն այն մասին, թե «Նա շատ ավելի մեծ է, քան մենք պատկերացնում ենք»: Եվ ինչու չէ` պատկերում:

Լուրջ խնդիր կա նաև որոշ դրվագների` օպերատորական–մոնտաժման աշխատանքի կտրվածքով: Նարեկա վանքի պարսպի մոտ գեղջավագի և վարդապետի զրույցի տեսարանում ֆոնը ժայռաբեկոր հիշեցնող պատն է, երբ ընդհանուր պլան է: Բայց երբ խոշոր պլանով Նարեկացուն են ցույց տալիս, նրա թիկունքում ողորկ կարմրավուն քարից պատ է: Եվ խոշոր ու ընդհանուր պլաններն այնպիսի պաբերականությամբ են իրար հաջորդում` ֆոների փոփոխություններով հանդերձ, որ թվում է մուրճով հարվածում են նայողի աչքերին: Նման բաներիից կարելի էր խուսափել: Եվ դա նույնիսկ բյուջեի հարց չէ, ինչպես որ է կոստյումների դեպքում: Ի դեպ, ըստ ռեժիսորի` «Հովվի» բյուջեն ծիծաղելի փոքր է: Tert.am-ի այն դիտարկմանը, թե վերջին շրջանում հայտնված մի շարք հայկական ֆլմերի բյուջեի չափ է նշվում մոտ կես միլիոն դոլարը, Ավդալյանն աաց, որ լավ կլիներ, եթե իրենք գոնե դրա կեսի չափն ունենային:

«Վատ» ու «լավ լուրերից» լավը վերջինը հայտնելու սկզբունքով չի կարելի չարձանագրել, որ բուն նախաձեռնությունը միայն ողջունելի է, ֆիլմի վրա 2 տարի աշխատելու չարչարանքը` հարգանքի արժանի: Իսկ աշխատանքը` անթերի, եթե նայելու լինենք օրինակ հեռուստատեսային ֆիլմի ոչ հավակնոտ ձևաչափում, ինչը անելու հնարավորություն, ըստ ռեժիսորի, առաջիկայում լինելու է` կոնկրետ հեռուստաալիքի եթերում: