Բայդենի վարչակազմը աղետ է դարձել ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության համար. նրանք փչացնում են այն ամենը, ինչին ձեռք են տալիս. Թրամփ

20:25 • 15.11.26

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմին ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության գործունեության փլուզման մեջ՝ կապված երկրի օդանավակայաններում վերջերս տեղի ունեցած համատարած խափանումների հետ։

Ուրբաթ օրը, պատմության մեջ ընդամենը երրորդ անգամ, տեխնիկական խափանման պատճառով ԱՄՆ օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել էին բոլոր թռիչքները. խափանումը տևել է 4,5 ժամ։ Ըստ տրանսպորտի նախարար Շոն Դաֆիի՝ ամերիկյան իշխանությունները կարծում են, որ խնդիրն առաջացել է պլանային տեխնիկական սպասարկման ընթացքում հնացած էլեկտրալարերը փոխարինելու փորձի հետևանքով։

«Բայդենի վարչակազմը աղետ է դարձել ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության համար։ Նրանք փչացնում են այն ամենը, ինչին ձեռք են տալիս։ Հսկայական գումարներ են ծախսվել անխոհեմ կերպով՝ արդեն իսկ հնացած և խափանված համակարգը թողնելով ավելի վատ վիճակում, քան նախկինում էր», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական հարթակում։

Նա ընդգծել է, որ իր վարչակազմն ունի ծրագիր՝ ուղղված օդային երթևեկության կառավարման համակարգին, և կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին հրատապ կարգով հաստատել անհրաժեշտ ֆինանսավորումը։ Նա խոստացել է, որ իր ծրագրի իրականացման դեպքում ԱՄՆ օդային երթևեկության կառավարման համակարգը կդառնա լավագույնն աշխարհում։