Զյուգանովը բացատրել է, թե ինչու չի շնորհավորում Պուտինին
ՌԴ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը, նախագահական ընտրություններից երկու օր անց` Twitter-ի իր միկրոբլոգում բացատրել է, թե ինչու չի շնորհավորել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին` ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
«Հարցնում են` ինչու՞ Պուտինին չեմ շնորհավորում: Չի կարելի հաղթող լինել ջախջախված երկրում: Ուղեղները լվացել են` սա էլ արդյունքը: Հիմա էլ ծափահարում, ողջունում են», - գրել է Զյուգանովը:
Ավելի վաղ Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը հայտարարել էր, որ չի կարող այդ ընտրությունները ճանաչել. «Դրանք համարում ենք ոչ լեգիտիմ, անարդար և ոչ թափանցիկ»:
Հիշեցնենք, որ հաղթած Վլադիմիր Պուտինը կոչ է արել մանրազնին ստուգել ընտրախախտումների մասին բոլոր հաղորդագրությունները:
«Ակնկալում եմ իրավիճակի առավելագույն մոնիթորինգ, որպեսզի ոչ մի կեղտ (ընտրություններում) չմնա», - ասել էր Պուտինը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալներով` արձանագրությունների 100%-ի ամփոփումից հետո Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 63.60%-ը, Զյուգանովի օգտին`17.18%-ը:









