«Մեր պաշտոնյաների կանայք չեն աշխատում». Ահարոն Ադիբեկյան
Հայ պատգամավորների կամ պաշտոնայների կանայք պետք է կարողանան շփվել հանրության հետ և կազմակերպչական գործերով զբաղվել, սակայն նրանք խուսափում են դրանից, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ նշելով, որ ողջ Արևմուտքում ընդունված է, որ պաշտոնյանների կանայք ավելի ակտիվ են հասարակական գործունեության մեջ:
«Մեր պաշտոնյաների կանայք չեն աշխատում, տանը երեխա են պահում, երեխաներն էլ տասհինգ, քսան, քսանչորս տարեկան երեխաներ են: Ինչու դրանց պահե՞լ է պետք: Կամ ասում են ամուսինս չի թողնում, բայց ինչո՞ւ չի թողնում: Մեր կանայք պարզապես վախենում են հանդես գալ հանրության առաջ, հանդիպումներ ունենալ տարբեր մարդկանց հետ, վախենում են ամուսնու գովազդը անել, բայց դա քաղաքական մշակույթ է»,- ասաց սոցիոլոգը և ավելացրեց, որ այս դարը պահանջում է, որպեսզի կարողությունների և դրանք իրագործելու իմաստով կինը լինի հավասար տղամարդուն:
Սոցիոլոգն անդրադարձավ նաև կանանց մասնակցությանը առաջիկա ընտրություններին՝ ընդգծելով, որ չնայած այսօր ընտրողների մեծամասնությունը իգական սեռն է, առաջադրվող կանանց թիվը բավական համեստ է:
«Ունենք ընդամենը երկու կին նախարար, այն էլ այդ նախարարությունները չունեն այն կշիռը ինչ մյուսները: Մեծամասնական ընտրակարգով առաջադրվող կանանց ամենամեծ հնարավորությունը Հրանուշ Հակոբյանը ունի»,- ասաց նա:
Ահարոն Ադիբեկյանը հայ կանանց խորհուրդ տվեց լինել ավելի համարձակ ու ձգտել նպատակների:
Շնորհավորելով կանանց մարտի 8-ը Ահարոն Ադիբեկյանն ասաց. «Շարունակե՛ք գրավել տղամարդկանց, բայց դա արեք, առաջին հերթին փորձեք գրավել ներքինով, իհարկե չմոռանալով արտաքինի մասին»:









