Անահիտ, արի՜ տուն (լուսանկարներ)

15:26 • 07.03.12

Հայաստանից և Սփյուռքից ավելի քան 20 հազար հայ պահանջում է Մեծ Բրիտանիայից Հայաստան վերադարձնել Անահիտ ասվածուհու բրոնզաձույլ արձանը. իրականացված ստորագրահավաքին կցված է նույնպիսի պահանջով ուղերձ, որն այսօր հանձնվեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ թագավորության դեսպանատանը՝ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» նախագահ Կարեն Ավագյանի կողմից:

Դեսպանատան մոտ հավաքված բազմաթիվ երիտասարդների ձեռքերին կարելի էր տեսնել Անահիտ աստվածուհու նկար՝ «Անահիտ, արի՜ տուն» գրառումներով:

Նշենք, որ ակցիայի օրը՝ մարտի 7-ը պատահական չի ընտրված և համընկնում է կանանց և գեղեցկության միջազգային օրվա նախօրեին: Այս խորհրդանշական կապի մասին բացահայտեց Կարեն Ավագյանը:

« Անահիտին ուրանալ չենք կարող: Անահիտի սիմվոլիզմն ապացուցված է տարիներ շարունակ: Անահիտը մտել է մեր գիտակցության մեջ որպես յուրահատկություն»,-հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ՝ խոստովանելով, որ որպես պաշտոնյա, քաղաքացի և քաղաքական գործիչ ամեն պատեհ առիթով հարցը բարձրացնում է բրիտանական գործընկերների մոտ:

Հիշեցնենք, որ հենց Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ սոցիալական ցանցերից մեկում սկսվեց ստորագրահավաք, իսկ ավելի վաղ նա Անահիտին վերադարձնելու անհրաժեշտության մասին բարձրաձայնել էր «Ֆեյսբուքի» իր անձնական էջում, ինչին ի պատասխան էլ ՀՀ-ում ՄԹ արտակարգ և լիազոր դեսպանը չէր բացառել, որ արձանը ՀՀ բերվի՝ ժամանակավոր թանգարանային ցուցադրության կարգավիճակով:

Նշենք, որ Բրիտանական թանգարանում հելլենիզմի բաժնում ցուցադրվող Անահիտ Աստվածուհու արձանի մասունքները հայտնաբերվել են 19-րդ դարի վերջին՝ Արևմտյան Հայաստանում հայ գյուղացիների կողմից, այնուհետև տեղափոխվել Անգլիա:

Արմեն Աշոտյանն ու Կարեն Ավագյանը ստորագրահավաքի մասնակիցների ուղերձը ՄԹ կին դեսպանին հանձնելու գնացին ծաղկեփնջով: