Բրազիլիան աշխարհի վեցերորդ խոշորագույն տնտեսությունն է
Բրազիլիային հաջողվել է գրանցած արդյունքներով առաջ անցնել Մեծ Բրիտանիայից ու դառնալ աշխարհի վեցերորդ տնտեսական երկիրը, չնայած տնտեսական աճը 2011թ. տվյալներով զգալի դանդաղել է:
Ինչպես հաղորդում է BBC-ն` վկայակոչելով բրազիլական կառավարության հաշվետու տվյալները, անցյալ տարվա արդյունքներով` Բրազիլիայի համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ավելացել է 2.7%-ով` հասնելով 4.143 տրլն բրազիլական ռեալի (2.367 տրլն դոլար), 2010թ. 7.5% վերելքից հետո:
Բրազիլական իշխանություններն այս տարի տնտեսական ցուցանիշների զգալի լավացում են ակնկալում: Երկրի ֆինանսների նախարար Գվիդու Մանտեգայի խոսքով` կառավարությունն այս ուղղությամբ ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ և ընթացիկ տարում ակնկալում ՀՆԱ-ի 4.5 % ավելացում:
2011թ. տնտեսական ոլորտում լավագույն ցուցանիշները գրանցվել են գյուղատնտեսության ոլորտում`3.9%, այդ թվում` հացահատիկի ռեկորդային բերքատվություն`159.9 մլն տոննա:
Բրազիլիայի արտահանումն աճել է 4.5%-ով, իսկ ներկրումը` 9.7%-ով, շնորհիվ դոլարի և այլ արժույթների նկատմամբ ռեալի ամրապնդման:









