Մի գիշերում Երկրի 20 ամենահարուստ գործարարները 11.3 մլրդ դոլար են կորցրել

10:53 • 07.03.12

Մոլորակի 20 ամենահարուստ ձեռնարկատերերը համաձայն Bloomberg-ի տվյալների, մի գիշերվա ընթացքում կորցրել են 11.3 մլրդ դոլար` համաշխարհային ֆոնդային բորսաների կտրուկ անկման պատճառով:

Այսպես, ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆետի կարողությունը կրճատվել է 407.3 մլն դոլարով և հասել է 43.9 մլրդ դոլարի: ArcelorMittal ընկերության ղեկավարի Լաքշմի Միտալի կարողությունը կրճատվել է 918 մլն դոլարով: Ամստերդամում նրա ընկերության բաժնետոմսերի գումարը նվազել է 5.5%-ով: Արդյունքում, մեկ գիշերում նա դուրս է եկել մոլորակի ամենահարուստ մարդկանց քսանյակից` հայտնվելով Bloomberg-ի վարկանիշային աղյուսակի 21-րդ տեղում:

Բիլ Գեյթսը բորսայի անկման պատճառով կորցրել է 805.4 մլն դոլար: Այժմ նրա կարողությունը գնահատվում է 61.3 մլրդ դոլար:

Երեքշաբթի ԱՄՆ ֆոնդային ինդեքսները կորցրել են 1.3-1.5 %, իսկ Եվորապայի բորսայում անկումը կազմել է 1,8-3,6%:

Բացասական դինամիկայի պատճառը մոտեցող մարտի 8-ն է. այդ օրն ավարտվում է մասնավոր վարկառուների դիմումների ներկայացման ժամկետները` Հունաստանի պարտքերի փրկության ծրագրին կամավոր մասնակցելու համար:

Եթե մասնակիցներն ավելի քիչ լինեն, քան երկրի պարտատոմսերի 75 %-ը տիրապետող անձինք, ապա Ֆինանսների համաշխարհային ինստիտուտի մասնագետների կարծիքով եվրագոտին կարող է 1 տրիլիոն դոլարի դեֆոլտ ունենալ: