Հանրապետականն այսօր գործարկեց իր նորացված կայքը

15:10 • 07.03.12

«Հայաստանի Հանրապետական կուսակցության» նորացված կայքի «Նամակ նախագահին» և «Հետադարձ կապ» բաժինների միջոցով կապահովվի ՀՀԿ-ի և քաղաքացիների միջև հետադարձ կապը, կընդունվեն առաջարկներ, լուծումներ կտրվեն բարձրացված հարցերին: Այս մասին այսօր լրագրողների մասնակցությամբ գործարկված ՀՀԿ նորացված կայքի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց կայքի պատասխանատու, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը:
«Նորացված կայքը միտված է սոցիալական ցանցերում ներկայացվածությանը և նաև քննարկումների ձևով հասարակության համար հրատապ շատ հարցերի ներկայացմանը»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորն՝ ի պատասխան այն հարցի, թե «Բլոգ» բաժին զետեղելու մասին չեն մտածում արդյոք։

Թեև ՀՀԿ նորացված կայքի հասցեն նույնն է՝ hhk.am, կուսակցության նոր էլեկտրոնային կայքն իր որակով, դիզայնով և հնարավորություններով, տեղեկատվական կարողություններով և տեղեկատվական ավելի լայն դաշտով մի քայլ առաջ է հնից: Այն ևս լինելու է եռալեզու՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:

«21-րդ դարում էլեկտրոնային կայքերը օպերատիվության, արագության, հասարակության ամենալայն շերտերի հետ արագ կապի լավագույն միջոցն են և շատ հարցերում արդեն փոխարինում են մամուլի տարբեր միջոցներին»,- նշեց Արտակ Զաքարյանը:

Նշենք, որ բացի կուսակցության կառուցվածքին, տարբեր մարմինների գործունեությանը, ՀՀԿ առաջնորդների գործունեությանը վերաբերող, ֆոտոարխիվի և այլ բաժիններից, կայքում զետեղվելու են նաև վերլուծական նյութեր և կուսակցության ամենաատարբեր ֆինանսական հաշվետվություններ:

Այս պահին քննարկվում է՝ առաջիկայում մեկնարկող նախընտրական քարոզարշավին վերաբերող առանձին նյութերը կտեղադրվեն մի առանձին հավելված կայքո՞ւմ, թե՞ հենց ՀՀԿ պաշտոնական կայքի մի այլ բաժնում: