Քաղաքականությամբ զբաղվող կանայք խորհուրդ են տալիս մյուսներին դուրս գալ խոհանոցից և պայքարել իրենց իրավունքների համար
«Մենք բռնաբարված մի շրջան ենք ապրում և խոսել միայն կանանց իրավունքների մասին հակասական կլինի»,-մարտի 8-ին ընդառաջ հրավիրված ասուլիսին ասաց ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Ըստ նրա, այսօր ելնելով քաղաքական դաշտում կանանց ներգրավվածությունից, ակնհայտ է դառնում երկրում եղած կանանց նկատմամբ վերաբերմունքը: «Մեր երկիրը հասարակական և քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության հարցում շարունակում է մնալ անպատվաբեր միջինում: Թե՛ օրենսդիրում, թե՛ գործադիրում և առավել ևս տեղական ինքնակառավարման մարմիններում հպարտանալու առիթ չունենք: Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգին, ապա այստեղ երբևէ կանայք չեն առաջադրվում, քանի որ խեղված քաղաքական արժեքների ժամանակաշրջանում ենք ապրում»,- ասաց նա՝ նշելով, որ ներկայանում ենք Արևմուտքի մշակույթի կրողներ, իրականում ապրում ենք «արևելյան երկրի կլանային փիլիսոփայությամբ»:
ՍԴՀԿ վարչության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով նույնպես Հայաստանում կանանց իրավունքները, ինչպես և մարդու իրավունքները, առանձնապես պաշտպանված չեն: Մինչդեռ ըստ նրա, կանայք ավելի շատ խոցելի են: «Այն կանայք, որոնք կարողանում են դուրս գալ խոհանոցից և պայքարել իրենց իրավունքների համար, նրանց դա հաջողվում է: Տղամարդիկ չեն համակերպվում այն մտքին, որ կինը կարող է հավասար քայլել իրենց կողքով»,-նշեց նա և հավելեց, որ հատկապես քաղաքականությամբ զբաղվող կանաց համար շատ ավելի դժվար է: «Այստեղ պայքարը լրիվ այլ է, և պետք է շատ ուժեղ կամք ունենաս, որպեսզի ցույց տաս քո լիդերությունը»,-ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Լյուդմիլա Սարգսյանը չի բացառում առաջիկա ԱԺ-ում առաջին տասնայկում տեղ գտնելու համար, քանի որ նախ ըստ օրենքի է պահանջվում յուրաքանչյուր տասնայկում երկու կին ներկայացուցիչներ ընդգրկելը, իսկ ինքը իր կուսակցության ցուցակում առաջինն է որպես նախագահ: Միևնույն ժամանակ նա նշեց, թե իրեն չի հուզում, թե ցուցակում որտեղ է ընդգրկվելու:
Լիլիթ Գալստյանը ցուցակում իր ընդգրկվածությունը թողեց անպատասխան, քանի որ ըստ նրա դա Գերագույն մարմնի որոշելիքն է:
Կին քաղաքական գործիչները չեն կարծում, թե կինն ավելի լավ կկառավարի, քան տղամարդը: Ըստ Լյուդմիլա Սարգսյանի՝ այսօր նման քաղաքական գործիչ ինքը չի տեսնում և նկատեց, որ դա չպետք է լինի արհեստականորեն: Լիլիթ Գալստյանի ճկարողացավ նշել, թե երբևէ կին նախագահ Հայաստանը կունենա ,թե ոչ: «Թույլ չեմ տվել այդպիս հարցի մասին մտածել»,-ասաց նա:
Ի դեպ, այսօր ասուլիսին հրավիրված էր նաև ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ով տեղեկացրել էր, թե հարգելի պատճառով չի ներկայանա:









