Վճռաբեկ դատարանը շատ պասիվ կարգավիճակ է ձեռք բերել, ասում է նախկին դատավորը
Սիվիլիթաս հիմնադրամի «Հարյուր հարց, հարյուր պատասխան» քննարկումների շարքի հերթական միջոցառման հյուրը նախկին դատավոր Պարգև Օհանյանն էր, ով անդրադառնալով ՀՀ-ի դատարաններին, նշեց, որ վճռաբեկը շատ պասիվ կարգավիճակ է ձեռք բերել:
«Այն պետք է ամենահամարձակն ու ակտիվը լինի: Ու պետք է չլինի այնպիսի բան, որ որևէ գործ չընդունի: Իսկ այսօր այն կամ չի ընդունում հայցեր, կամ էլ ըդունելուց հետո մերժում է առանց պատճառի»,- ասաց նա:
Հարցին, թե ինչու են հայ փաստաբանները հաճախ վախենում դատարարններից և չեն վերցնում ցանկացած գործ, Պարգև Օհանյանը պատասխանեց. «Հարցը վախենալը չի: Մարդիկ հեռանկար չեն տեսնում: Գալիս է մի պահ որ զգում են անիմաստ է այդ գործի մեջ մտնելը և պայքարելը, քանի որ դատարանները անկախ չեն ՀՀ-ում»,- ասաց նա:
Պարգև Օհանյանը պարզաբանեց նաև, թե ինչու են ՀՀ դատարանները մեծ կախվածության մեջ գտնվում իշխանություններից: «Մեր պետության կառավարման ձևը (կիսա)նախագահական է: Այսինքն՝ նախագահն է նշանակում դատավորներին: Եվ հենց այստեղից է ամբողջ կախվածությունը»,-ասաց նա:
Լսարանից հնչած այն հարցին, թե կատարվել է Հայաստանում դատական սխալների մոնիտորինգ, Պարգև Օհանյանը նշեց, որ նման ցուցանիշ չկա քանի որ դատական դեպարտամենտն իր գործը չի անում:
Նախկին դատավորը նշեց նաև, որ ՀՀ-ում անհրաժեշտ է վերացնել նախաքննությունը, քանի որ հետաքննությունը բավական է հանցանքները բացահայտելու համար:
«Քննիչը պետք է ներգրավվի հետաքննության մեջ: Հարցաքննությունը մեր օրերում վերածվել է «սամասուդի»: Մարդուն տանում են մի հատ սենյակ, որտեղ բոլորը ոստիկաններ են, ինչն արդեն ճնշող է: Ի՞նչ է, բոլորս այդքան քա՞ջ ենք: Մարդկանց ճնշում են այդ սենյակներում, ինչը պարզվում է դատաքննության ընթացքում, սակայն հիմք է ընդունվում նախաքննությունը»,- ասաց Պարգև Օհանյանը և դատական համակարգին խորհուրդ տվեց վկայությունների գրանցման համար օգտվել ոչ թե թղթերից, այլ տեխնիկական միջոցներից:









