Շվեյցարիայի նախկին նախագահի դեմքին տորթ են ծեփել (տեսանյութ)
Ամիսներ առաջ Շվեյցարիայի նախագահի պաշտոնը լքած Միշլին Քալմի Ռեյը հարձակման է ենթարկվել: Ինչպես հաղորդում է Radio Suisse ռադիոկայանը, Ժնևում Միջազգային կինոփառատոնի և Մարդու իրավունքների համաժողովի բացման արարողությունից վերադառնալիս` նախկին նախագահին է մոտեցել տարեց մի տղամարդ:
Նա մեղադրել է Քալմի Ռեյին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9 հոդվածների խախտման մեջ: Խոսքը 1998թ. Banque Cantonale de Geneve բանկի գործով քաշքշուկների մասին է (այդ տարիներին Քալմի Ռեյը ղեկավարել է երկրի ֆինանսական գերատեսչությունը):
Երբ Քալմի Ռեյը, ի պատասխան, ասել է, որ ոչ մեկի իրավունքներն էլ չի խախտել, տղամարդը փաթեթից հանել է տորթն ու շպրտել նրա դեմքին: Նախկին նախագահը հազիվ է կանգնած մնացել ոտքերի վրա: Միջամտել են կնոջ ուղեկիցները և հեռացրել տղամարդուն:
Ինչպես հայտնել են փառատոնի մամուլի ծառայությունից, Քալմի Ռեյը չի պատրաստվում դատարան դիմել:









