Աղանդները Հայաստանում բարձիթողի վիճակում են. Տեր Եսայի քահանա Արթենյան

13:56 • 07.03.12

Հայաստանում գործող աղանդները բարձիթողի վիճակում են, ինչը հոգևոր անվտանգության լուրջ խնդիր է առաջացնում, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սուրբ Երրոդրություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը։

«Այսօր Հայաստանում հոգևոր անվտանգության լուրջ խնդիր ունենք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ժողովրդավարության և խոսքի ու խղճի ազատությունը թեև լավ արժեքներ են, սակայն Հայաստանի դեպքում փաստը ցույց է տալիս, որ նրանց վնասն ավելի շատ է, քան օգուտը: «Քանի որ այլևս խոսքի և խղճի ազատությունը ենթադրում է բարձիթողի վիճակ և ոչ ոք պատասխանատվություն չի կրում»:

Հոգևոր հովիվը նշեց, որ այսօր շատ են խոսում հոգևոր և եկեղեցու թեմաներով, որտեղ շատ դեպքերում որոշ մարդիկ փորձում են Հայ առաքելական եկեղեցին ներկայացնել որպես հակազգային կառույց: «Ինչպես կարող են հայտարարել, որ այսօր մեզ եկեղեցի պետք չէ, այն պետք է խավարամիտ հասարակությանը»,- ասաց նա:

Անդրադառնալով «աղանդների բարձիթողի վիճակին» Տեր Եսային նշեց, որ դրանք գործում են այնպես, ինչպես ցանակնում են՝ կիրառելով հակաքրիստոնեական մեթոդներ:

«Ավելի վատ բան չկա, երբ մարդուն դաստիարակում ես միմիայն սևի ու սպիտակի համադրույթամբ: Աղանդները քարոզում են միայն դժողքի ու դրախտի համատեքստում: Այն է, որ եթե եկար իմ մոտ և մասնակցեցիր մեր ժողովին, դու դրախտ կգնաս, հակառակ դեպքում բոլորը դժոխքի բաժին կդառնան»,-ասաց նա:

Բացի այդ՝ քահանան անդրադարձավ խոսեց նաև այդ աղանդների համար որդեգրված «անսխալականության երևույթին» և նրանց ունեցած միակ պատճառաբանությանը, թե իրենք բողոքական եկեղեցու ճյուղ են և չի կարելի նրանց աղանդ անվանել: Տեր Եսային նկատեց, որ նրանք բոլորովին էլ բողոքական չեն և գաղափար չունեն, թե ինչ ասել է բողոքականություն:

«Իրականում բողոքականներն առանձնացան, քանի որ դեմ էին Հռոմի պապի անսխալականության, ինդուլգենցիաների դեմ, մինչդեռ այս աղանդները ոչ թե մարդուն են հնարավորություն տալիս ընտրելու՝ միանալ կամ ոչ, այլ իրենք են անթույլատրելի միջոցներով մարդկանց իրենց շարքերը համալրում»,- նշեց նա:

Ասուլիսին ներկա «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Ամարյանը նկատեց, որ եթե այդ աղանդները, այդ թվում և «Կյանքի խոսքը», ասում են, որ իրենք Հայ առաքելական եկեղցու հետ քույր եկեղեցիներ են, իրականում նրանք, լինելով քույր եկեղեցի, ծավալում են աղանդավորական գործունեություն:

«Դրա մասին ոչ մի իրավապաշտպան չի խոսում, որ վտանգվում է եկեղեցու դերը : Սա այն խնդիրն է, որ պետք է լուծվի պետականորեն»,- ասաց նա:

Ըստ ՀԿ-ի նախագահի՝ այսօր Հայաստանում գրանցված է 67 կրոնական կազմակերպություն, որոնցից 55-ն աղանդներ են՝ ճյուղավորված 14 հիմանկան կազմակերպություններից: