Առաջիկայում գրքերի գները կիջնեն. ՏՄՊՊՀ նախագահ
Կառավարության այսօրվա նիստի հենց սկզբում վարչապետ Տիգրան Սարգսյանը խնդրեց Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին ներկայացնել գրքերի գների՝ վերջին շրջանում նկատվող աճի պատճառները, ինչը նրան հանձնարարվել էր նախորդ նիստին:
Արտակ Շաբոյանը տեղեկացրեց, որ խնդրի ուսումնասիրման ընթացքում իրենք հանդիպել են ոլորտի տնտեսվարող սուբյեկտների հետ և պարզել հետևյալը. «Գրքերի գների բարձրացումը կապված էր հարկային օրենդրությունում կատարված փոփոխությունների սխալ ընկալման հետ՝ ոլորտի տնտեսվարող սուբյեկտների կողմից»,- ասաց նա:
Նա նաև տեղեկացրեց, որ Ֆինանսների նախարարը հարցի հետ կապված պաշտոնական պարզաբանում է տվել, որից գոհ են տնտեսվարողները և առաջիկայում փոփոխություններ կկատարեն:
«Այն բոլոր գրքերը, որոնք հունվարի 1-ից թանկացել էին, իսկ դրանք սահմանափակ թվով են, առաջիկայում պետք է իջեցվեն նախկին գների: Եթե դա տեղի չունենա սպառողներին կոչ ենք անում դիմել մեր հանձնաժողովին»,-ասաց նա:









