ՄԱԿ-ի ԱԽ-ն փակ նիստում քննարկել է Սիրիայի հարցով ԱՄՆ նախագիծը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներն ու Մարոկոյի ներկայացուցիչը, ով ներկայում նախագահում է ԱԽ-ն, երեքշաբթի փակ դռների ետևում անցկացված նիստում քննարկել են Սիրիայի հարցով Միացյալ Նահանգների ներկայացրած բանաձևի նախագիծը:
Ինչպես հաղորդում է vz.ru-ն` վկայակոչելով ՄԱԿ-ի դիվանագիտական աղբյուրներին, այս նախագիծը «դիտարկում է բռնությունների դադարեցման միջոցառումներ, որոնք սիրիական կառավարությունն իրականացնում է ցուցարարների դեմ», ազատ մուտք Սիրիա` հումանիտար օգնություն հասցնելու համար, ինչպես նաև քննադատում է երկրում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերն ու պահանջում սիրիական իշխանություններից «վերջ դնել» նման խախտումներին, ազատ արձակել առանց հիմքի ձերբակալված քաղաքացիներին, քաղաքներից դուրս բերել մարտական տեխնիկան:
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Սյուզան Ռայսը նիստի ավարտին նշել է, որ քննարկումը կրել է «նախնական բնույթ» և դրանք կշարունակվեն:
Դիվանագետներից մեկը (անունը չի նշվում) ընդգծել է, որ ներկա բանաձևի նախագիծը պետք է հասկացնել տա Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին, որ «Մոսկվայի ու Պեկինի աջակցությունն անսահմանափակ չէ» (փետրվարի սկզբին Մոսկվան ու Պեկինը վետո էին դրել ԱԽ ներկայացված երկու բանաձևերի վրա):
Արևմտյան մի շարք դիվանագետներ ամերիկյան բանաձևը «շատ թույլ» են որակել, քանի որ այն «այդքան էլ չի քննադատում Ասադին» խաղաղ բնակիչների հանդեպ բռնություններ գործադրելու համար: Ինչևէ, նրանց կարծիքով, Ռուսաստանն ու Չինաստանը կարող են տալ իրենց համաձայնությունն այս բանաձևին:
Բացի այդ, երեկ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գենադի Գատիլովը Twitter- իր էջում այս կապակցությամբ գրել է, որ նոր բանաձևն էական մշակման կարիք ունի:
Հիշեցնենք, որ Սիրիայում 2011թ. մարտի կեսերից բախումներ են տեղի ունենում կառավարական զորքի ու Ասադի ռեժիմի հակառակորդների միջև: Այս ժամանակահատվածում, ըստ ՄԱԿ-ի վերջին տվյալների, զոհվել է մոտ 7.500 մարդ:









