ՀԱԿ-ի պահվածքը ես երևանյան «քլնգող մուտիլովշիկություն» կանվանեմ. Արմեն Մազմանյան
Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանն ասում է, որ ինքը ոչ թե իշխանամետ է, այլ՝ պետականամետ, և այն կարծիքին է, որ մեր քաղաքական դաշտում կան միայն մի քանի բարոյական կուսակցություններ, իսկ «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքը երևանյան «քլնգող մուտիլովշիկություն» է։
Բարոյական կուսակցություններիը մեկը, ըստ Արմեն Մազմանյանի, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, որի քաղաքական գործիչներից շատերի գաղափարները, ըստ նրա, պահպանողականության ու ազգայինի հենքի վրա են խարսխված և չեն փոփոխվում:
Բարոյական կուսակցությունների շարքում, ըստ Մազմանյանի, նաև Հայ հեղափոխական դաշնակցությունն է, ու հիմա նաև «Ժառանգություն»-ը: Սակայն մնացած կուսակցությունները, Մազմանյանի համոզմամբ, անհետաքրքիր և անհասկանալի է, հատկապես, ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» դաշինքը:
«Կոնգրեսի պահվածքը, խաղերը ես, ընդամենը, երևանյան «քլնգող մուտիլովշիկություն» կանվանեմ, որովհետև այդ քուչայական քաղաքականությունը, որտեղ կարելի է այդքան ցինիկ լինել, ի դեմս Հրանտ Բագրատյանի, և ասել, որ մեր ժամանակ ամե~ն ինչ արել ենք, ա~մեն ինչ լավ էր, մոռանալով, որ դառել էր մեր երկրի դիետոլոգը՝ ասելով, թե երկու ձու մի կերեք, այլ մի ձու կերեք»,- հիշեցրեց արվեստագետ Մազմանյանը:
Արմեն Մազմանյանը հիշեցրեց ՀՀՇ-ի իշխանության մութ ու ցուրտ տարիները, ու այսօր նրանք նորից եկել ու հանդես են գալիս որպես ազգի փրկիչներ. «Դու արդեն եղել ես մի անգամ, փրկել ես՝ գոհ ենք, դու մի անգամ՝ հենց քո՛ իշխանության ժամանակ արդեն դեմոնտաժել ես ամբողջ ծանր արդյունաբերությունը»:
Արմեն Մազմանյանը Հրանտ Բագրատյանին ներկայացրեց, որպես «իշխանության դոպինգի տակ մնացած մարդ», ով այսօր «աբիժնիկի» նման հայտարարում է, թե «տվեք՝ կանենք»:
«Հայ քաղաքացուն ուղղված ոչ մի անկեղծ խոսք ես Կոնգրեսից այդպես էլ չլսեցի, ես ցավում եմ, և ցավով եմ ասում, քանի որ այնտեղ է նաև իմ կենսագրությունը»,- ասաց արվեստագետը:
«Ի~նչ ասես՝ ասում են, դրանց հետո մնում է քարը վերցնես տաս գլխին, որպես տղամարդ, որովհետև բերաններին փական չունեն: Ես չեմ ասում, որ նրանք թշնամի են, ընդհակառակը, այնտեղ կան հրաշալի մարդիկ, իմ կյանքի, շարժման անցյալից, ազնիվ մարդիկ, ովքեր՝ էս դեպքում մոլորյալներ են, իմ ընկերներն են եղել, և ես Սարոյան եղբայրների բարդույթն եմ ապրում նրանց հետ»,- ասաց Մազմանյանը՝ առանց անուններ տալու:
Նա նաև հստակեցրեց, որ ինքը պետականամետ է եղել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին և նրա հասցեին, որպես ՀՀ առաջին նախագահի՝ ոչինչ չի ասել, բայց հիմա իրեն թույլ է տալիս ասելու, քանի որ նա արդեն իշխանություն չէ: «ՀՀՇ-ն համարել եմ ազգային չարիք ու անընդհատ եղել եմ դրա դեմ ու շատ խնդիրներ եմ ունեցել, նորմալ է, որովհետև, եթե քաղաքականության մեջ կեցվածք ես ունեում, պետք է ենթադրես, որ պետք է նստեցնեն էլ: Բայց դրա մասին պետք չէ բարձրաձայնես ողջ աշխարհով»,- ասաց նա:
Արվեստագետը չի ցանկանում, որ երկակի ու եռակի ստանդարտներով խոսեն ժողովրդի հետ, քանի որ, ըստ նրա, ժողովուրդը մեղք է: «Ոչ մի բան չունենալ ու չկարողանալ տալ ժողովրդին, ու նման խոստումներ տա՞լ»,- զարմանում է Մազմանյանը և եզրակացնում՝ սա ընդամենը մանդատակռիվ է:









