Մինչ 2006 թ.-ը ես նորմալ մարդ էի. Բրեյվիկ

17:02 • 20.04.12

«Նորվեգիացի հրաձիգ» Անդերս Բրեյվիկն այսօր շարունակված դատական նիստում դատավորներից պահանջել է իրեն մեղավոր ճանաչել, քանի որ նա մեղսունակ է, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Նախորդ տարվա հուլիսի 22-ին նա ահաբեկչություն էր իրականացրել Օսլոյի կառավարական թաղամասում, ապա կրակ էր բացել Ուտոյա կղզում երիտասարդական ճամբարի մասնակիցների վրա, ինչի հետևանքով զոհվել էր 77 մարդ:


«Իմ դեպքը հոգեբաժարանը չէ, ես քրեական պատասխանատվություն եմ կրում: Ինչ-որ ծայրահեղ բանի հանդիպելով` կարելի է մտածել, որ խոսքը խելագարության մասին է, սակայն պետք է տարբերել քաղաքական ծայրահեղականությունն ու խելագարությունը կլինիկական տերմինաբանության շնորհիվ»,- ասել է նա:


Նիստում նրան տրված հարցերին, թե ինչպես է նա հոգեբանորեն ու մեթոդաբանորեն պատրաստվել ահաբեկչություններին, ինչի համար տեղեկություններ է հավաքել համացանցից:

 

«Ռումբ պատրաստելու համար տեղեկություններ գտնելը բավականին բարդ է: Ես համացանցում փնտրել եմ ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն լեզուներով նյութեր, օգտագործել եմ նաև էլեկտրոնային բառարան` տեխնիկական դետալները հասկանալու համար»,- ասել է նա:


Ըստ Բրեյվիկի` «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորումն ամենաժամանակակկց ահաբեկչական կազմակերպությունն է, և «ես շատ բան եմ սովորել հենց խմբավորման ռազմավարությունից ու տակտիկայից»:

 

«Նրանց ռազմավարությունը հաճախ է դիտարկում կրկնակի ահաբեկչություն»- ասել է նա:

 

Բրեյվիկը խոստովանել է, որ մինչև 2006թ.-ը եղել է նորմալ մարդ, սակայն այդ տարվանից սկսած` նա անցել է սեփական «ապամարդկայնացման» ծրագրի իրագործմանը` ահաբեկչություններին պատրաստ լինելու համար:


Նա խոստովանել է, որ ծրագրում էր սպանել երկրի նախկին վարչապետ Գրու Հարլեմ Բրունթլանին: Բրեյվիկի խոսքով` նա ծրագրել է ժամանել Ուտոյա կղզի ուրբաթ առավոտյան, երբ Բրունթլանը ելույթ էր ունենում Նորվեգիայի Աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարում, սակայն ինչ-ինչ պատճառներով չի հասցրել դա անել և եկել է կղզի, երբ նախկին վարչապետն արդեն հեռացել էր:


Այսօր հայտնի է դարձել, որ ամռանը դատական գործի շրջանակում կհրապարակվի Բրեյվիկի հոգեկան առողջության մասին երրորդ եզրակացությունը:


Նախնական տվյալներով` դատական գործընթացը կտևի 10 շաբաթ: Դատարանն իր վճիռը կհրապարակի հուլիսի 22-ին` ողբերգության տարելիցի օրը: Եթե դատարանը նրան մեղսունակ ճանաչի, ապա նա կդատապարտվի 21 տարվա ազատազրկման (Նորվեգիայում առավելագույն պատժաչափը ահաբեկչության համար):
Իսկ եթե ոչ, ապա նա ցմահ կուղարկվի հոգեբուժարան: