Լեզվաբանական համալսարանի շենքի օտարման հարց չի կարող քննարկվել. Պետական գույքի կառավարման վարչության պետ
Կառավարությունը Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի շենքի հետ կապված որևէ օտարման, մասնավորեցման կամ այլ ծրագիր չունի:
«Նման ոչ մի հարց չի քննարկվել առհասարակ: Եվ չի էլ կարող քննարկվել: Չի կարող քննարկվել, որովհետև դա Լեզվաբանական համալսարանի շենքն է. ինչու՞ պիտի օտարվի»,- Tert.am –ի հետ զրույցում ասաց Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Հիշեցնենք, որ այսօր «Երկիր» օրաթերը տեղեկացրել էր, որ իր տեղեկություններով՝ համալսարանի շենքի գնման նախնական պայմանավորվածություն կա սփյուռքահայ մի գործարարի հետ, որը ցանկանում է այդ շենքը հյուրանոց դարձնել: Եվ բուհի այլևս նախկին ռեկտոր Սուրեն Զոլյան-ԿԳ նախարար Արմեն Աշոտյան հակամարտությունը դիտվում է նաև օտարման համատեքստում»,– գրել է թերթը:
Նշենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ևս հերքել է, որ լեզվաբանական համալսարանը միանալու է Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանին, իսկ շենքը օտարվելու է:









