Յուրաքանչյուր ոչ պարենային ապրանք գնելուց առաջ պահանջեք սերտիֆիկատ
Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Միլետա Արիստակեսյանը ահազանգում է, որ այսօր շուկայում ոչ պարենային ապրանքների մեջ բազմաթիվ են սերտիֆիկատ չունեցողները և հորդորում է յուրաքանչյուր ոչ պարենային ապրանք գնելուց առաջ պահանջել համապատասխան սերտիֆիկատ։
«Ոչ պարենային ապրանքների վերաբերյալ կա տեխնիկական կանոնակարգ, որը ՀՀ կառավարության փաստաթուղթն է: Այն սահմանում է, թե ո՞ր ապրանքները պետք է ունենան սերտիֆիկատ: Եթե մեր սպառողն ավելի պահանջկոտ դառնա, ապա ապրանք ներկրողներն այլ տարբերակ չեն ունենա, քան ապրանքները սերտիֆիկացնելը»,-ասաց նա:
Վերջինս նաև նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը 2005թ. սահմանել է այն նյութերի ցանկը, որոնք վտանգավոր են մարդու առողջության համար, հետևապես, այն ապրանքը, որը կպարունակի այդ նյութերից որևէ մեկը՝ չի ստանա լիցենզիա:
«Նախարարությունը պետք է հասկանա, որ 2005-ից հետո տեխնիկան զարգացել է և նոր նյութեր են շուկա մտել, ուրեմն, ցանկը թարմացնելու անհրաժեշտություն կա: Օրինակ՝ վերջերս մեզ կորեացիները տեղեկացրեցին, որ պարաբեն անունով նյութը, որը առկա է գրեթե բոլոր կոսմետիկ ու լվացող նյութերում, առաջացնում է ալերգիաներ, անգամ մաշկի քաղցկեղ»,- ասաց նա և ավելացրեց, որ պարաբենը կոնսերվանտ է և հարկավոր է հնարավորինս խուսափել դրանից:
Միլետա Արիստակեսյանը նաև նշեց, որ գրեթե բոլոր մաքրող միջոցներում առկա է «ПАФ»-ը, որը վնասում է մաշկի արտաքին շերտը և սպառնում առողջությանը:
«Եթե լվացանյութը հեշտությամբ մաքրում է զանազան դժվարանցանելի հետքեր՝ նշանակում է վտանգավոր նյութեր է պարունակում: Ես խորհուրդ եմ տալիս այդ նյութերի հետ աշխատելիս ռետինե ձեռնոցներ օգտագործել, հոսող ջրով երկար մաքրաջրել լվացքը»,- խորհուրդ տվեց Արիստակեսյանը:
Նա նաև հիշեցրեց, որ միշտ էլ կարելի է գտնել քիմիական նյութերը բնականով փոխարինելու տարբերակներ:









