«Արդարության հարցը». Ջոն Էվանսը ելույթ կունենա Եղեռնին նվիրված հիշատակի միջոցառմանը

12:11 • 20.04.12

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան, միջազգային հարաբերությունների փորձագետ Ջոն Էվանսը ապրիլի 21-ին կհյուրընկալվի Չիկագոյում` Հայոց Ցեղասպանությանը նվիրված հիշատակի միջոցառմանը, որտեղ նա հանդես կգա «Արդարության հարցը» ելույթով:

 

Էվանսը Հայաստանում ԱՄՆ դեսպանն է եղել 2004 թ.-ի սեպտեմբերից մինչև 2006 թ.-ի սեպտեմբերը: 2005 թ.-ի փետրվարին նա այցելել էր ԱՄՆ-ի հայկական համայնքներ և հանդես եկել հետևյալ հատարարությամբ՝ «Այսօր ես դա կանվանեմ Հայոց Ցեղասպանություն: Կարծում եմ, որ մենք` ԱՄՆ-ի կառավարությունը, պարտական ենք ձեզ` մեր համաքաղաքացիներին, այս հարցն ավելի բաց և ազնիվ քննարկել»:

 

«Իր ազնվության և քաջության համար, Էվանսը զրկվեց իր պաշտոնից 2006 թվականի մայիսին, այնուհետև հեռացվեց դիվանագիտական ծառայությունից՝ ավելի քան 30 տարվա կարիերայից հետո»,- գրում է Armenian Weekly-ն:

 

Նշենք, որ միջոցառումը տեղի է ունենալու հայկական Բոլոր Սրբերի եկեղեցում և Համայնքային կենտրոնում: