Թուրքիան բողոքի նոտա է հղել Ֆրանսիային` Ցեղասպանության մասին ծաղրանկարի պատճառով
Ֆրանսիայի Մոնբելյար քաղաքի դպրոցներից մեկում պատմության դասագրքում Թուրքիայի և հայոց ցեղասպանության մասին ծաղրանկարը մեծ աղմուկ է առաջացրել Թուրքիայում:
Փարիզում Թուրքիայի դեսպանատունը բողոքի նոտա է ուղարկել երկրի արտգործնախարարությանը: Դեսպանատունը նաև Ֆրանսիայի կրթության նախարարությանը նամակ է ուղարկել` հայտնելով իրենց մտահոգությունը` միջադեպի կապակցությամբ:
Ինչպես տեղեկացնում է «Հյուրիյեթ»-ը, Եվրոպայի թուրք լոբբիստները ևս քայլեր են ձեռնարկել և դպրոցի տնօրենից բացատրություն են պահանջել: Դպրոցի տնօրենն արդարացել է, ասելով, որ ծաղրանկարը գրքում տեղադրված չէ, պարզապես դասի ընթացքում ուսուցիչը բաժանել է նկարներն ու խնդրել մեկնաբանել այն:
«Ֆրանսիան 2001 թ.-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և դրանից հետո ֆրանսիական դպրոցներում սովորող թուրք աշակերտները պարբերաբար նման խնդիրներ են ունենում»,- գրում է «Հյուրիյեթը»:
Ծաղրանկարում «Թուրքիայի» ուսերին «ցեղասպանությունը» կա և նա ոչ մի կերպ չի կարողանում հասնել Եվրամիությանը: Պատմության և աշխարահագրության ուսուցչուհին բաժանելով ծաղրանկարները հարցրել է. «Այս ծաղրանկարի համաձայն ինչո՞ւ Թուրքիան չի կարող միանալ Եվրամիությանը»:
Դասարանում գտնված թուրք աշակերտները զայրացած հակաճառել են ուսուցչին` ասելով` թե թուրքերին մեղադրում են չարած հանցանքների համար:
«Եթե ձեզ Ալժիրի մասին հարցնեին, ինչպե՞ս կարձագանքեիք»,- ասել է նրանցից մեկը:









