ՀՀԿ՝ 32%, ԲՀԿ՝ 27%, ՕԵԿ՝ 5%... ՀԱԿ՝ 3%. ВЦИОМ-ն է պարզել՝ «Շանթի» պատվերով
Լուսանկարը` Panarmenian-ի
«Եթե ընտրությունները լինեին այս կիրակի, ո՞ր կուսակցությանը կընտրեիք», ավանդական հարցին հարցվածների 32%–ը պատասխանել է հօգուտ ՀՀԿ-ի, 27–%-ը՝ ԲՀԿ-ի, 5%–ը՝ ՕԵԿ-ի, 4-ական %՝ «Ժառանգությանը» և ՀՅԴ-ին, 3%–ը՝ «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքին և 2%–ը՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությանը։ Նման ցուցանիշներ ստացվել է հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) կողմից խորհրդարանական ընտրություններից առաջ «Շանթ» հեռուստաընկերության նախաձեռնությամբ Հայաստանում կատարված հարցման արդյունքում։
Խորհրդարանական ընտրությունների համար տարվող քարոզարշավում ակտիվության առումով առաջատարը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է։
Այսօր ասուլիսի ժամանակ Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը նշեց, որ հարցված 1600 քաղաքացիների 54 %-ն ասել է, որ տեսել է այս կուսակցության քարոզարշավը, իսկ նրանց 83%-ին դուր է եկել այն:
Ըստ սոցհարցման արդյունքների՝ այս ցուցանիշով երկրորդ տեղում է Հայաստանի հանրապետական կուսակցությունն է. հարցվածների 45%–ն է ասել, որ տեսել է այն և 75%-ն ասել է, որ հավանել է ՀՀԿ քարոզարշավը։
ՀՀԿ–ին հետևում է «Օրինաց Երկիր» կուսակցությունը՝ 39% և 60% հարաբերակցությամբ։
Վալերի Ֆյոդորովը նշեց, որ հարցումն անցկացվել է ապրիլի 4-13-ը՝ Հայաստանի ամողջ տարածքում, իսկ սխալականության լուսանցքը 2,5% է:
Հարցին, թե քիչ չէ՞ արդյոք 1600 հարցվածները, Ֆյոդորվն ասաց, որ դա բավարար է սոցհարցման համար: Իսկ թե ինչպես են ընտրվել հարցվողները, նա չմանրամասնեց` ասելով, թե դրա մասին 6 էջ է հատկացվել։ Միայն ասաց, որ դրանք ներկայացուցչական տվյալներ են:
Հարցին, թե, իրենց կարծիքով, որ կուսակցություները կանցնեն խորհրդարան, հարցվածների 90%–ը նշել է ԲՀԿ-ի անունը, 88%–ը` ՀՀԿ-ի և 50%–ը՝ ՕԵԿ-ի։ Հայ հեղափոխական դաշնակցությունը կուսակցությանը խորհրդարանում տեսնում է հարցվածների 31%–ը, իսկ «Ժառանգությանը»` 22%–ը:
«Թե ինչպես կքվերակի մարդն իրականում, չենք կարող ասել: Մարդը հակասական է իր էությամբ։ Եթե տեսնում եք հակասական տվյաներ, դրա համար վախենալ պետք չէ»,- տվյալները ներկայացնելիս զգուշացրեց Ֆյոդորովը:
Հարցվողները իրենց գնահատականն են տվել նաև երկրի ղեկավարների աշխատանքին: Հարցվածների 41%–ն ասել է, որ լավ է գնատատում նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դեպքում այդ թիվը 33% է։ 27%-ն էլ ասել է, որ լավ է գնահատում կառավարության գործունեությունը։
Հարցվածների 55 %-ն ասել է, որ կարծում է, որ իր ձայնը ոչինչ չի փոխի:
Թեև հարցվածների 72% ասել է, որ մտադիր է մասնակցել ընտրություներին, սակայն Ֆյոդորվնը նկատեց. «Обещать не значит жениться, то же самое на выборах»,-նկատեց նա:









