Քաղաքում Լիսկան է, Սենիկ Ջուլհակյանի տեսքով, չխաբվեք. Հմայակ Հովհաննիսյան
«Քաղաքում Լիսկան է, Սենիկ Ջուլհակյանի տեսքով, չխաբվեք, մեր ձեռներեցներին եմ դիմում: Կառավարությունն ի դեմս Տիգրան Սարգսյանի՝ օգնում է Լիսկային»,– այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ով պնդում է, որ Հայաստանի քաղաքագետների միության նկատմամբ իշխող ուժը պարբերաբար ճնշումներ է կիրառում:
Նա նկատեց, որ չնայած իշխող ուժի հայտարարած քաղաքականությանը՝ դրսևորել հանդուրժողականություն, նույն քաղաքական ուժը դրսևորում է ճիշտ հակառակ քայլեր:
Հմայակ Հովհաննիսյանը հավատացրեց, որ այդ ճնշումներին իրենք տեղի չեն տվել և չեն տա: «Այդ ճնշումների հեղինակների գործունեությունը վտանգ է առաջացնում ոչ միայն մեզ, այլ հասարակության համար»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը և մանրամասնեց, թե ինչումն է խոսքը:
Ըստ նրա, դեռ հունվար ամսին Սարյան 33 հասցեում գտնվող ՀՔՄ գրասենյակի վերևի երկու հարկերը զբաղեցնող «Հայէներգոինստիտուտի» բաժնետոմսերը «ձեռք գցած՝ իբր թե բարերար Սենիկ Ջուլհակյանը, ով Գորիսից է», այս ինստիտուտի տնօրենի միջոցով դիմել է իրեն, որպեսզի առանձնազրույց ունենա: «Ես համաձայնվեցի, մտածելով, որ բարերար է, մտադիր է փրկել «Հայհիդրոինստիտուտը» ծանր վիճակից: Նա ինձ առաջարկեց վաճառել այս տարածքը՝ հայտնելով, որ ահավասիկ Արտաշես Գեղամյանի գրասենյակի հարցը լուծել է, և նա ազատում է այդ տարածքը, որն իր սեփականությունը չի, իսկ իրենք նրան դրա դիմաց տվել են սեփականություն»,- պատմեց Հովհաննիսյանը:
ՀՔՄ նախագահը նշում է, որ ինքը, բնականաբար, հրաժարվել է, որից հետո արդեն սկսել են ճնշումները՝ նախ պարբերաբար «միտումնավոր ջուր բաց թողելով իրենց գլխին», ապա՝ արդեն դիմել մինչև անգամ իր մեքենայի հետ կապված կողոպուտին:
Իսկ մինչ մեքենայի կողոպուտը, արդեն միության կողմից նախաձեռնած միասնական գրասենյակի նիստերին զուգընթաց, միության նախագահը ստանում է գրություն, ըստ որի, երեքօրյա ժամկետ տրամադրելով պահանջում են իրեն ազատել տարածքը, քանի որ ընկերությունը կատարում է կապիտալ վերանորոգում նշելով, որ հակառակ դեպքում ընկերությունը կդիմի համապատասխան մարմիններին:
Հմայակ Հովհաննիսյանի խոսքերով, «մյուս 3 տարածքներն արդեն ձեռք գցած չակերտավոր բարերարը ինչ-որ թուղթ է ներկայացրել, իբր թե իր համաձայնությունը տրվել է»: Կրկին իր կողմից տեղի չտալուց հետո, Սենիկ Ջուլհակյանն, ըստ նրա, մտադրվել է ՀՔՄ-ի մուտքը փակել, որպեսզի իրենք չկարողանան մուտք գործել տարածք:
Ըստ նրա, մարտի 1-ին կառավարության որոշումով ինստիտուտի 1900 քմ տարածքը օտարել է Սենիկ Ջուլհակյանին: Մինչդեռ միության նախագահը պարզել է, որ իրականում այդ անձնավորությունը ոչինչ էլ չունի և նրա ետևում կանգնած է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Նա գրություն է ուղարկել Չեխիայի հայ համայնքին, քանի որ Սենիկ Ջուլհակյանն իր փաստաթղթերում ներկայանում է որպես չեխական «Եվրոէներգոհոլդինգ» ընկերության ղեկավար, և ստացել պատասխան, որ նա «անհաջող ավանտյուրիստ է, ով վտանգ է ներկայացնում: Նա ընդամենը ռուսական մի ընկերության առևտրական ներկայացուցիչ է ՝ դիլեր և որևէ միջոցներ չունի»:
Հովհաննիսյանը զարմանում է, թե ինչպես կարող էր կառավարությունը նման մարդու օտարել մի տարածք, առանց իմանալու , թե նա այդ միջոցներն ունի՞, թե ոչ:
Հմայակ Հովհաննիսյանը այնուհետև հասկացել է, որ այդ Սենիկ Ջուլհակյանը «Լիսկայի» մարդն է, քանի որ նրա հյուրանոցն է դրել գրավի:
«Լիսկային՝ Սուրեն Խաչատրյանին հաջողվել է կառավարության միջոցով «սղղացնել» այդ որոշումը: Սենիկ Ջուլհակյանի հետևում Լիսկան է և ունի նման ախորժակ դիրքավորվել Երևանի սրտում: Իշխող ուժն արդեն սկսած քարոզարշավի ընթացքում, բնականաբար, նկատի է ունեցել, որ Սուրեն Խաչատրյանը առաջիկայում կարդարացնի այդ նվերը»,-ասաց նա:









